Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ստեփանակերտը խոսում է ինքնորոշման իրավունքից, Բաքուն` ինտեգրումից

Օգոստոս 10, 2023թ. 13:18

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ Արցախը պատրաստ է վերսկսել Ստեփանակերտ-Բաքում երկխոսությունը միջազգային միջնորդների օգնությամբ, ինչը հիմնված կլինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատման վրա:

«Ցանկացած առաջարկություն, որն ուղղված է մեզ, պետք է առաջին հերթին լինի մեր արժանապատվության շրջանակներում, լինի միջազգային մարդասիրական նորմերի, կանոնների համաձայն: Ցանկացած կենսական նշանակություն ունեցող առաջարկության կամ որոշման դեպքում, մենք պետք է ունենանք կոնսենսուս, որը պետք է արտահայտի մեր ժողովրդի տրամադրությունները»,-ասել է ԱՀ նախագահը։

Նա նաեւ նշել է, որ արեւմուտքը ջանք գործադրել է 3-րդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպել․«Մեր պատասխանը դրական է եղել, մանավանդ, որ դա մոտ էր միջազգային ձեւաչափին, Ադրբեջանը հրաժարվել է նաեւ այդ ձեւաչափից: Ադրբեջանի հրաժարվելուց հետո հարցը մնացել է օդում կախված»:

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Արցախն ունի ինորոշման իրավունքը իրացնելու հնարավորություն, և որևէ քաղաքական ուժ կամ կառույց չի կարող այն կասկածի տակ դնել. «Մեր միջազգային իրավունքի նորմը ինքնորոշման ոչ մեկը չի կարող մեզ զրկել»։

Ի պատասխան Հարությունյանի Բաքուն հայտարարել է` պատրաստ է առանց արտաքին միջամտության կանոնավոր հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ.

Ադրբեջանի ԱԳՆ վերլուծության և ռազմավարական հետազոտությունների վարչության ղեկավար Մախուր Գասիմովը վստահեցրել է, որ Բաքուն ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի իրականացման հստակ գործողությունների ծրագիր  ունի։

«Տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են այս գործընթացի շրջանակում, հնարավորություն կտան ապահովել  հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է այս ուղղությամբ երկխոսության այն հայ բնակիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են նման երկխոսությամբ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք  շահագրգռված են միայն մանիպուլյացիաներով։ Այս առումով մենք պատրաստ ենք պարբերաբար հանդիպումներ անցկացնել հայազգի բնակիչների հետ՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է Գասիմովը։


Դիտել NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն