Գլխավոր » Լրահոս

Ռազմիկ Զոհրաբյան. «Պետք է տարբերակել պետության շահերը համազգային շահերից»

Հոկտեմբեր 5, 2009թ. 18:06

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին»: Նման վստահություն հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատճառն այն է, որ հայ-թուրքական բաց սահմանն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը: Ի վերջո, երկու կողմերի վրա էլ ճնշում գործադրվելու է. «Եթե գերտերությունները շահագրգռված չլինեին այս խնդրում, ապա հարաբերությունների բարելավման  հարցը տեղից չէր էլ շարժվի»,- նշեց բանախոսը: Փաստորեն, անկախ մեր կամքից, ցանկություններից, ազգային շահերից, սահմանը բացվելու է և բացվելու է արդեն նախաստորագրված արձանագրությունների վավերացմամբ, առանց որևէ փոփոխության:

Այդ դեպքում ո՞րն է նախագահի համահայկական ուղևորության և Հայաստանում կազմակերպված քննարկումների նպատակը, եթե արձանագրություններում այլևս փոփոխություններ լինել չեն կարող:

Անդրադառնալով նախագահի ուղևորությանը`պարոն Զոհրաբյանը փաստեց, որ  այն բնական հունով է ընթանում, իսկ Ֆրանսիայում և այլ գաղթօջախներում կազմակերպված բողոքի ցույցերը նա նորմալ է համարում. «Նախագահն էլ գիտեր, որ յոթ միլիոնանոց սփյուռքում կլինեին մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր դեմ կլինեին արձանագրությունների ստորագրմանը»:

Իսկ շրջագայությունը կազմակերպվեց, քանի որ «չի կարելի հաշվի չառնել հայկական ծագում ունեցող օտարերկրյա քաղաքացիների կարծիքը: Դա նաև հարգանքի նշան է: Չպետք է մոռանալ, որ ամբողջ աշխարհն է հետևում այս գործընթացին: Պետք է նրանք տեսնեն, որ մենք հաշվի ենք առնում համայն հայության կարծիքը»,- ասում է բանախոսը և խոսքի ու գործի հակասությունը բացատրում հետևյալ կերպ. «Սփյուռքահայերը օտարերկրյա քաղաքացիներ են: Նրանք որևէ փաստաթուղթ չեն ստորագրում, հետևաբար, ոչ մի պատասխանատվություն չեն կրում արձանագրությունների ստորագրման կամ չստորագրման համար: Ի տարբերություն մեր պետության, որ կոնկրետ գործողություններ է ձեռնարկում, նրանք պարզապես իրենց զգացմունքներն են արտահայտում: Պետք է տարբերակել պետության շահերը համազգային շահերից»:

Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով` Հայաստանի Հանրապետության ներսում արձանագրությունների ստորագրման համար պատասխանատվությունը կրում է իշխող կոալիցիան:

Փաստորեն, եթե հետագայում պարզվի, որ արձանագրությունները հակասում են մեր ազգային շահերին, անմիջապես կաշխատի պատժիչ մեքենան ու կոալիցիան կենթարկվի պատասխանատվության: Ասենք` ստիպված կլինի հրաժարական տալ:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն