Առաջին քայլը` դեպի Հայաստանի կործանում
«Հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունները միջազգային օրենքի խախտում է,- ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը,- որովհետև Հայաստանը և Թուրքիան այս արձանագրություններով փորձում են վերատեսության ենթարկել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով սահմանվել է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը»:
Բանախոսը հակասություններ է տեսնում նաև այս փաստաթղթի և ՀՀ Սահմանադրության միջև, որի 11-րդ կետում նշված է, որ ՀՀ-ն պիտի սատար կանգնի Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման գործընթացին: Իսկ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի ցանկացած քայլ` ուղղված ցեղասպանության ճանաչմանը կամ մինչև իսկ այն հիշելուն ու ոգեկոչելուն, հակասության մեջ է մտելու արձանագրության պարտավորության հետ: Բանն այն է, որ ըստ փաստաթղթի, կողմերը չպետք է իրականացնեն քաղաքականություն, որն անհարիր կլինի բարիդրացիական հարաբերություններին: Եթե արձանագրությունները վավերացվեն և մտնեն ուժի մեջ, ապա ապրիլի 24-ի նախագահի ուղերձը թուրքերը համարելու են հարաբերությունների խաթարում, որովհետև ուղերձում կվկայակոչվի Հայոց ցեղասպանությունը: Այն կհակասի մեր միջազգային պարտավորությանը, այն է` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունները խաթարող քայլերից:
Պարոն Պապյանը նշեց, որ, ի հակասություն բոլոր պնդումների, արձանագրություններն իրականում լեցուն են ոչ միայն նախապայմաններով, այլև այնպիսի պարտավորություններով, որ ՀՀ-ն չէր կարող ստանձնել: Որպես օրինակ բերեց արձանագրության այն կետը, որտեղ ասվում է, թե կողմերը պիտի հարգեն սահմանների անձեռնմխելիությունը:
«Սա հստակորեն կարող է մեկնաբանվել որպես Հայաստանի պարտավորություն` երաշխավորելու մի երրորդ երկրի, այսինքն` Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը,- նշում է բանախոսը և ավելացնում,-արդյոք մենք պատրա՞ստ ենք Լեռնային Ղարաբաղին ստիպել, որ նա հարգի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Բանախոսը նշեց, որ անգամ այդ փաստաթղթի նախաստորագրումն է եղել օրենքի խախտում. այն հակասում է 2007թվականի «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքին, որի համաձայն ցանկացած պայմանագիր պիտի անցնի որոշակի փուլեր` նախագահ, Արտաքին գործերի նախարարություն, շահագրգիռ կողմեր, տվյալ դեպքում` բոլոր նախարարությունները, ապա` կրկին Արտգործնախարարություն և նախագահ:
«Այս արձանագրությունները Հայաստանի կործանման առաջին քայլն է, սրանով մենք կորցնում ենք մեր երկրի ապագայի զարգացման բոլոր ռեսուրսները»,- իր խոսքը սահմանափակեց Արա Պապյանը:
Կարինե Պետրոսյան












