Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հայկական տոներ, Հոգևոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը` Խաղողօրհնեք

Օգոստոս 11, 2023թ. 00:29

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը ժամը 10:30-ին Սուրբ Գայանե վանքում կմասնակցի Սուրբ Պատարգին:

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին:

Խաղողօրհնեքի կամ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի մասին

____

Ս. Կույսի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որ կատարվում է օգոստոսի 15-ի մերձավոր կիրակի օրը` օգոստոսի 12-ից 18-ի միջև: Այս տարի Հայ Եկեղեցին տոնախմբում է օգոստոսի 13-ին:

Ըստ ավանդության (Հակոբոսի նախաավետարան և Հովհաննեսի պարականոն ավետարան), երբ Ս. Կույսը մահանում է, առաքյալները նրա մարմինն ամփոփում են գերեզմանում: Բարդուղիմեոս առաքյալը բացակա էր, և երբ այլ առաքյալների հետ գերեզման է գնում, գերեզմանաքարը վերցնելիս Ս. Կույսի մարմինն այնտեղ չեն գտնում:

Եկեղեցու հայրերը, հիմնվելով այս ավանդության վրա, հաստատում են Ս. Աստվածածնի վերափոխման տոնը` ընդունելով, որ նրա մարմինը փոխադրվել, վերափոխվել է երկինք:

Խաղողօրհնեքի մասին

Քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:


Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հայկական տոներ, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն