Գլխավոր » Videos, Լրահոս, Տեսանյութեր

Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջե΄ք, ինչի՞ կսպասեք. Արամ Ա (տեսանյութ)

Օգոստոս 13, 2023թ. 01:56

Շրջափակման ենթարկված Արցախում մեր ազգի զավակները սովամահ լինելու ամիջական վտանգի ենթական են: Այս  մասին օգոստոսի 12-ին, Սուրբ Աստվածածնի վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն՝ նշելով, որ իր հայրապետական  պատգամը ուղղված է 5 հասցեներով:

«Մեր առաջին պատգամն ուղղված է Հայաստանի իշխանությանը: Կանդրադառնանք արդյոք, թե Արցախի գծով ՀՀ որդեգրած մոտեցումները Արցախը կարող են ջնջել հայ կյանքի քարտեզից եւ ցեղասպանության մատնել 120 հազար մեր քաղաքացիներին՝ միաժամանակ վտանգելով արդեն Հայաստանի ապագան: Ինչպես կարելի է Ադրբեջանի հողային ամբողջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու սեփական անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը:

Ինչպե՞ս կարելի է, այսպես կոչված, խաղաղության հաստաստման համար պատրաստ լինել հանձնառություններ կատարել, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի ամբողջականությունը եւ նույնիսկ գոյությունը:  Հայաստանն ու Արցախը  շրջապատող ներկա վտանգավոր պայմաններում, երբ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում, անհրաժեշտ է, որ

1.Հայաստանը բարեկամության ու ենթակայության, իր շահերի եւ ուրիշների շահերին  սահմանները հստակորեն զատորոշող դիրքորոշումներ որդեգրի եւ աչալուրջ լինի, որպեսզի Հայաստանը չվերածվի Արեւելքի եւ Արեւմուտքի լարվածության հարթակի, որի հետեւանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար:

2. Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ  Հայաստանը դուրս գա պարտված լինելու եւ սոսկ զիջումներ կատարելու կացությունից, ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչեւ որ  վերջ դրվի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից:

3. Պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ»,- ասաց Կաթողիկոսը, ընդգծելով, որ մարդասիրական աղետ ստեղծելով քաղաքական շահեր հետապնդելը համամարդկային ոճիր է:

Նրա խոսքով՝ պետք է մերժել որեւէ մոտեցում, որը Արցախը կներառի որպես Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:

«Կուզենք կարեւորությամբ շեշտել, որ Արցախի շրջափակման վերջ տալը եւ Արցախի ինքնորոշման կարգավիճակը առավել շեշտավորումով միջազգային հարթակ բերելը պետք է ՀՀ իշխանության արտաքին քաղաքականության կիզակետը դառնա»,-ասաց նա:

Որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ Արամ Ա-ն առաջարկեց, որ իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մի մարմին ստեղծվի, որը այս ճակատագրական փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով եւ մոտեցմամբ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երկրորդ պատգամն ուղղված էր Հայաստանի ժողովրդին. «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողորդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի կսպասեք, աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից: Ձեր ժամանակը մի վատնեք իրար մեղադրելով, ոտքի ելեք, արդարություն պահանջեք աշխարհից: Հայաստանի մեջ կյանքը չի կարող բնական լինել, երբ Արցախում ծայրահեղորոեն անբնական է կյանքը»,-ասաց նա:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի երրորդ պատգամն ուղղված էր միջազգային հանրությանը.«Ինչպես 1915 թվականին կազմակերպված հայերի ջարդերի ժամանակ, այնպես էլ այսօր պետք է ասենք՝ ո՞ւր է միջազգային հանրությունը: Ադրբեջանը շարունակում է խախտել իր ստորագրած համաձայնագրի պայմանները ու նույնիսկ ազատորեն մուտք է գործել ՀՀ սամաններից ներս, ո՞ւր է միջազգային համայնքը: ՄԱԿ-ը, Եվրոպական խորհուրդը, միջազգային իրավական կառույցները կպահանջեն Արցախի ապաշրջափակումը, սակայն Ադրբեջանը խուլ է՝ անտեսելով միջազգային օրենքի հիմնական սկզբունքները: Ադրբեջանի անպատժելիության գինը փաստորեն, կվճարեն ՀՀ-ն ու Արցախը: Հաց եւ թեյ ուղարկելով Արցախ, ստեղծված տագնապը չի լուծվի, անվտանգությունը ապահովե΄ք, ինքնորոշման իրավունքը ճանաչե΄ք, մարդասիրական ճիգերից այն կողմ, հրամայական է Արցախի անվտանգությունն ապահովելը՝ ինքնորոշման իրավունքը ճանաչելով: Հետեւաբար, մեր սպասումն այն է, որ մեծ տերությունները դիմեն գործնական քայլերի, առաջին հերթին Ադրբեջանին ստիպեն վերջ տա Արցախի շրջափակմանը, ապա քաղաքական բանակցությունների ճանապարհով միջազգային համայնքը պիտի ճանաչի Արցախի ինքնորոշումը՝ միջազգային հովանավորության ներքո»,-ասաց նա:

Արամ Ա-ն իր 4-րդ պատգամն ուղղեց Սփյուռքին՝ նշելով, որ նրանց զորակցությունը պետք է ավելի լայն ծավալ ստանա. «Սիրելի հայոց ժողովուրդ, Արցախը կործանման  է գնում, Արցախին մենակ պետք չէ թողնել, յուրաքանչյուր հայ եւ ողջ հայությունը նվիրական պարտավորություն ունի Արցախի նկատմամբ: Արցախի փրկությունը համահայկական առաջնահերթություն է: Սփյուռքը իր գործողությունները ներդաշնակելով Արցախի իշխանությունների հետ՝ կոչված է դիմելու այնպիսի ազդեցիկ միջոցների, որոնք կարող են Արցախի ներքին ուժականությունը ապահովել եւ արտաքին աշխարհում Արցախի ինքնորոշման անհետաձգելի հրամայականը շեշտել»,-ասաց նա:

Ավարտելով իր խոսքը Արամ Ա-ն պատգամեց Արցախի ժողովրդին. «Սիրելի Արցախի ժողովո΄ւրդ, Արցախը պարտված չէ, հաղթական է ու պիտի մնա հաղթական, այնքան ժամանակ, որ ձեր կյանքը ամուր հավատքով լինի շաղախված, անխորտակելի կամքով: Ողջ հայությունը ձեզ հետ է, յուրաքանչյուր հայ, ուր էլ գտնվի` արցախցի է, բառի ամբողջական իմաստով»:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդգծեց, որ Արցախը պետք է մնա հայկական. «Արցախի ժողովուրդը խորհրդարանի միջոցով արտահայտել է իր հավաքական կամքը՝ ճանաչում հանուն փրկության, արդար պահանջ, որը իրավական հիմք ունի եւ համապաստախանում է պատմական իրողություններին եւ միջազգային օրենքին: Մենք եւս մեր ձայնը, մեր ժողովրդի ձայնը կմիացնենք Արցախի խորհրդարանին եւ համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է  միջազգային համայնքի կողմից՝ անջատում հանուն փրկության սկզբունքի համար: Հետեւաբար, ժողովուրդ հայոց՝ ի սփյուռ աշխարհի, եկեք միասնաբար եւ քաջաբար քայլենք այս ճանապարհով»: 


Դիտել Videos, Լրահոս, Տեսանյութեր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն