Այս ընտրություններում ինչ–որ մեկին մրցակից համարելը տեղին չէ. Երվանդ Թարվերդյան
Այս ընտրություններում ինչ–որ մեկին մրցակից համարելը տեղին չէ, այս ընտրությունն ինձ համար ավելի շատ քաղաքական, քան համայնքային է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրությանը «Միացյալ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Երվանդ Թարվերդյանը։
«Ողջունելի է, որ շատ քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին։ Քաղաքի զարգացման շատ ծրագրեր կներկայացվեն, որոնք հանրության քննարկման կդրվեն։ Այն ուժերը, որոնք չեն հայտնվի Երևանի ավագանիում, հետագայում նրանց գաղափարները պետք է ընտրված ուժերը ներառեն Երևանի զարգացման ծրագրերում»։
Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուները, ըստ Թարվերդյանի, հանրությանն այնքան էլ հայտնի չեն, բայց նրանք քաղաքը սիրող, Երևանի հանդեպ մեծ հոգատարություն ունեցող մարդիկ են։
Սոցհարցումների վերջին տվյալները հիշեցնելով, Թարվերդյանը նշեց, որ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը 0,7 տոկոս վարկանիշ է ունեցել, մինչդեռ անցած հարցումների ժամանակ իրենց անունը ընդհանրապես այդ ցուցակում չկար։ «Եթե հաշվենք, որ 28–29 տոկոսն է հարցվածների ցանկացել ընտրությունների մասնակցել, ստացվում է` մենք 2 տոկոսից ավելի ձայն ունենք։ Սա նշանակում է, որ մեր քաղաքական թիմը շատ լավ է աշխատում։ Մեր պատասխանատվության զգացումն էլ ավելի է բարձրացրել»,–ասաց նա։
Թարվերդյանի խոսքով, այս պահին նա տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքական միավորների հետ կոնսուլտացիաներ է իրականացնում և չի բացառվում, որ առաջիկայում այդ ուժերը հայտարարեն, որ աջակցում են «Միայալ Հայաստան» կուսակցությանը։ Սակայն Թարվերդյանն ամենից առաջ կարևորում է երևանցիների աջակցությունը։












