Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս

Իսահակյանը կարծում էր, թե Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան

Օգոստոս 16, 2023թ. 15:15

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը:

Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով:

Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա “Ձյունն է եկել ծածկել հիմա…”, “Հայաստանին”, “Ահա նորեն գարուն եկավ” բանաստեղծությունները:

XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի “Ուստա Կարոն” մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: “Ուստա Կարոն” կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը”,-ասել է Վարպետը:

Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն