Ժողովրդին անընդհատ ներշնչում են, թե մենք ոչինչ անել չենք կարող, անզոր ենք, բայց սա ամենամեծ խաբկանքներից մեկն է. Կարինե Նալչաջյան
Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում արձանագրված 40-ամյա մեր հայրենակցի սովամահությանը, ասել է.«Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք խրվում դժոխքի մեջ։ Եվ հայ մարդկանց մահերը ոչ ավելի, ոչ պակաս՝ սովից, համարում եմ, որ մեր բոլորիս խղճի վրա է, ոչ միայն իր պարագլուխներով հանդերձ այս հանցախմբի»
«Յոթ-ութ տարի առաջ եթե մարդկանց ասեիր, որ այսպիսի բան է տեղի ունենալու, որ հայ մարդը, Արցախում լինի, թե որտեղ, սովից մահանում է եւ մյուսները հանգիստ առօրյա կյանքը շարունակում են, անհասկանալի կարող էր թվալ։ Սա հրեշավոր է, բարոյալքման ցուցիչ է։ Բայց չեմ ուզում ընդհանրական գնահատականներ տալ։ Երբ վերջին ժամանակներս առիթ է լինում եւ ես խոսում եմ մեր հասարակության վիճակի, ընկալումների, ապրումների մասին, անընդհատ հիշեցնում եմ, որ վերջին տարիներին համառորեն եւ հետեւողականորեն մեր հասարակությունը վերածեցին զոհի հոգեբանություն ունեցող հասարակության, մենք 44-օրյա պատերազմի հետեւանքով շատ ռեալ առնչվեցինք զոհ դառնալու փաստին։
Էսպիսի բաներից հետո մարդիկ առհասարակ խեղճանում են։ Եվ այն ուժերը, որոնք մեր հայրենիքը իրենց դրածոների, խամաճիկների միջոցով բերել, հասցրել են այս վիճակին, հենց այս նպատակն էին հետապնդում, որպեսզի ոչ միայն խեղճանանք, այլեւ բարոյական նահանջ ապրենք։ Բարոյական նահանջ է, երբ քո հարազատը, հայրենակիցը մահանում է, ու դու թեթեւակի ասում ես՝ վայ, ինչ վատ բան է եղել, ու անցնում ես առաջ։
Հայաստանը դարձել է մահվան հովիտ։ Անընդհատ մահերի մասին ենք լսում, Սովորակա՞ն է դարձել այս ամենը մեր ականջին։ Ինչքա՜ն լույս զինվորներ կորցրինք, ինչքա՜ն օջախ մարեց։ Հիմա էլ ոչ ավել ոչ պակաս մարդիկ մահանում են սովից։ Արցախից շատ ողբերգական, շատ տագնապալի լուրեր են գալիս։ Լավ, մեզ դրեցին այս վիճակի մեջ։ Բայց ելք կա՞, թե՞ ոչ։ Անընդհատ մեզ զոհ պահելու քարոզչությունը, մեր հոգեկան աշխարհի հետ դաժան խաղերը անընդհատ շարունակվում են։ Ժողովրդին անընդհատ ներարկվում է, թե մենք ոչինչ անել չենք կարող։ Զոհի առաջին հատկանիշն է, որ ինքը ոչ մի բան անել չի կարող, գետնատարած է, անզոր է։ Ու սա են մեզ անընդհատ ներշնչում։ Բայց սա ամենամեծ խաբկանքներից մեկն է, որ ներշնչում են ժողովրդին»,-ասել է հոգեբանը:












