Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հերոսների սրբատեղին սրբավայր է Արցախը. Խոսրով Հարությունյան

Սեպտեմբեր 2, 2023թ. 15:40

Չորս տարի առաջ, այս նույն օրը գրել եմ այս տողերը։ Այսօր, արցախահայության աննկարագրելի հերոսության ֆոնին այս մտքերը ավելի իմաստավոր են թվում։

Հերոսների սրբատեղին սրբավայր է:

Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի և միաժամանակ շատ թանկագին:

Թանկագին՝ ոչ միայն պայմանավորված Անկախ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման առումով իր բացառիկ կարևրությամբ, այլ թանկագին, որովհետև հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել Արցախի ազատագրման համար:

Պատմության զոհասեղանին մենք դրեցինք մեր լավագույն զավակների կյանքն ու արյունը՝ դրանով իսկ սրբացնելով մեր հերոսներին:

Հերոսների սրբատեղին սրբավայր է: Ահա թե ինչու Արցախը հայության սրբավայրն է՝ մեր Սուրբ Երկիրը: Հայի այցելությունը Արցախ՝ դա ուխտագնացություն է Սուրբ Երկիր:

Արցախը հայության հավատամքն է և խիղճը՝ հայապահպանության ոգեղեն աղբյուրը: Այդ է պատճառը, որ Արցախը անասելի ուժով ձգում և միաժամանակ միավորում է աշխարհի ամենատարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներին:

Ուստի Արցախը, նախ և առաջ, հոգևոր արժեք է հայերիս համար և յուրաքանչյուրս պետք է մեկ բաղձալի նպատակ փայփայի իր հոգում՝ հաջորդ տարի Արցախում:

Ծնունդդ շնորհավոր Արցախի Հանրապետություն:


Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն