Փաշինյանը պետք է հետ կանչի Պրահայում իր արած հայտարարությունը, հակառակ դեպքում նա սատարում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը
«Փաշինյանը շանս ունի՝ իրավիճակը բեկելու համար. այդ հնարավորությունը նրան տվել է մի կողմից՝ Արցախի 120 հազար հայը՝ իր պայքարով, մյուս կողմից՝ Ալիևը՝ իր ֆաշիստական քաղաքականությամբ, ուստի հենց դրան հղում անելով էլ Փաշինյանը պետք է հետ կանչի Պրահայում իր արած հայտարարությունը։ Հանրությունն էլ իր հերթին է պարտավոր սա պահանջել իշխանությունից։ Այդ քայլը կստեղծի իրավաքաղաքական նպաստավոր միջավայր՝ բանակցություններով խնդրի լուծմանը հասնելու համար»,- ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ շեշտելով, որ իրավիճակ կարող է փոխվել միջազգային հանրության մոտ, եթե Հայաստանի իշխանությունը սատարի արցախահայության դիրքորոշումը։
«Եթե դա չեք անում, պարոն Փաշինյան, նշանակում է, որ անկախ փաթեթավորումից, սատարում եք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Փաշինյանը ընտրության առաջ է կանգնել՝ կա՛մ պետք է խոստովանի, որ օգնում է Ալիևին, իսկ դա նշանակում է, որ չի՛ կարող մնալ իշխանության ղեկին, կա՛մ պետք է ընդունի ժողովրդի պահանջը։ Այլ կերպ հնարավոր չէ, այլ կերպը նշանակում է նաև՝ Հայաստանը դնել ռազմական սպառնալիքի առաջ, դա չանելը տանում է ուղղակի պատերազմի։ Փաշինյանն ընտրության առաջ է, պետք է ընտրի՝ Հայաստանի՞ կողքին է, թե՞ Ադրբեջանի»,- ասել է Հարությունյանը։












