«Սերմնացանները եռաբլուրում սոսկ հող են»
Կարդում եմ արդի հայ արձակի դասականի` Լևոն Ջավախյանի` <<Աթոռի վրայի մարդը>> նոր գործը։ Կարդում եմ, ու անսովոր մի վարանք ապրում։
Սովորաբար նվաստս արագ եմ կողմնորոշվում գրական երկի ժանրաձևը բնորոշելիս։ Առիթ ունեցել եմ այս սիրելի գրողի ստեղծագործությունը համառոտ բնութագրելու. ես այն համարում եմ մեր ժամանակի ճշմարիտ տարեգրություն, իսկ իրեն` տարեգիր։ Հիմա էլ նույն կարծիքին եմ։ Այս գործը նույն ծիրի մեջ է։ Սակայն տարբեր է նախորդ գրքերի` <<Ծնկան ծերին>> և <<Ետ արի>> ժողովածուների ժանրային կառուցվածքից։ Այս գործը մի տեսակ էսսե է` նորավեպի ձգտող, մյուս կողմից հոգեբանական էտյուդ` մերօրյա Հայի հոգեկերտվածքի բացահայտմանը միտված։
Բայց թողնենք. գրողն այստեղ շարունակում է հավատարիմ մնալ իր գեղագիտությանը, իր кредо-ին. այն է` ոչինչ չավելացնել կյանքում եղածին, ոչ մի գույն, ոչ մի երանգ։ Լ. Ջավախյանը տեսանող է, և դա ավելին է քան պարզ տեսնելը։
Կան մարդիկ, նաև գրողներ, որ պետք է նայեն, որ տեսնեն, որոշներն էլ անգամ նայելուց հետո չեն տեսնում, Ջավախյանը տեսնում է անգամ առանց նայելու։ Սա է նրա տաղանդի գաղտնիքը, նաև նրա Գրի հմայքը։ Սա է ճշմարիտ տեսանողի բնույթը, որ անցյալի մեջ տեսնում է ներկան, իսկ ներկայի մեջ կանխատեսում գալիքը։ Նա գեղարվեստական պատկերներ չի ստեղծում, առավել ևս` մոգոնում։ Նա դրանք գտնում է կյանքում և սահուն ու աննկատ տեղավորում գեղարվեստի հյուսվածքի մեջ։ Իբրև խորագիր ընտրված միտքն արդեն մեծ գեղարվեստ է, քանի որ սերմնացանը հողն իմաստավորողն է, եթե կուզեք` նրան արարիչ դարձնողը, իսկ հիմա նրան հող են դարձնում։ Դրանով հողն արդեն կորցնում է իր արարիչին։ Եռաբլուրը զարդարում են ամենատարբեր ձևերով, ինչպես տոնածառը կզարդարեն, ու սա մի այլ ցավ է, մարդուն անմարդկայինի մղող ցավ։ Տխու՜ր գեղարվեստ։
Թումանյանը Մարդու դանդաղ առաջընթացը բնութագրել է հանճարեղ բանաձևմամբ` մարդակերից մարդասպան, Ջավախյանը տեսնում է ետընթացը` մարդուց մարդասպան։ Եվ այդ մարդասպանացման մղողը միայն ժանիքավորը չէ, այլ նրա ոհմակն ամբողջ կազմով, որ հողին բերում է երաշտ ու անբերրություն, գույներին` անգունություն, բախտին ու բազմերանգին դժբախտություն ու դժգունություն։
Ջավախյանի այս գործը անսովոր մի միստցիզմով է հագեցած։ Պատմվածքի հերոսը` պատմողը և’ ինքն է, և’ ինքը չէ։ Երազն այստեղ սոսկ գրական հնարանք չէ, առավել ևս` գեղարվեստ ստեղծելու հնարք։ Այն մերկյանքի իրական բնույթն է` կես երազ և կես իրականություն։Մենք բոլորս, նաև ինքը, որ իրար ենք հաջորդում վարչապետի աթոռին, ինչ֊որ չափով մեղք ունենք այս ամենում։
Թափանցիկ ակնարկ չէ՞ արդյոք սա այն մտքի, թե երեք միլիոնս էլ վարչապետ ենք, երբ այդ թմբիրի մղող մտքից առաջ եղել էր մի ուրիշ, այդ միտքը ժխտող սպառնալիք, թե` եթե ես չլինեմ վարչապետ, ուրեմն Հայաստանը վարչապետ չի ունենա։ Եվ այս հակասականությունը, որ ի սկզբանե մատուցվում էր, ինչու՞ կամ ինչպե՞ս չհասկացվեց, չնկատվեց, չմերժվեց։
<<Աթոռի վրայի մարդը>> զուտ քաղաքական գործ չէ։ Այն ավելին է։ Այն շատ խորը հոգեվերլուծություն է, որ իր դառնությամբ, ցավեցնող ճշմարտացիությամբ ընթերցողին մշուշից տանում է դեպի պարզ իրականություն, նիրվանայից արթնացում։ Գրողի քաղաքացիական խղճի ու համարձակության մասին էլ չեմ խոսում։
Մենք առնչվում ենք հայ արձակի մի նոր, գուցե քիչ անսովոր, բայց անպայման թարմ ու բարձր որակի հետ։ Հավելեմ նաև, որ իմ խոհերը վերաբերում են այս բազմաշերտ էսսեի մեկ ֊ երկու շերտերին միայն։ Իսկ քննաբանության կարոտ շատ բաներ այս փոքրիկ ակնարկում հնարավոր չէր ներկայացնել։ Դրանք թողնում եմ մեկ այլ առիթի։
Պարզապես նորից կուզեի կրկնել այն միտքը, որ մոտ գալիքում մեր վերջին տասնամյակների ճշմարիտ պատմությունը շարադրելուն միտված պատմաբանները կամա թե ակամա դիմելու են Լ. Ջավախյանի անխարդախ գրականությանը։
Սերժ Սրապիոնյան, գրականագետ












