Խստորեն դատապարկում ենք Փաշինյանի գլխավորած իշխանության վախեցած-ռեպրեսիվ գործելակերպը, զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատությունից զրկելը
«Մայր Հայաստան» դաշինքը խստորեն դատապարկում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության վախեցած-ռեպրեսիվ գործելակերպը, որի նոր դրսևորումը եղավ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատությունից զրկելու և շինծու մեղադրանքներով կալանավորելու մասին որոշումը: «Մայր Հայաստան» դաշինքն արձանագրում է. – Գարիկ Գալեյանը բազմիցս հրապարակավ հանդես է եկել գործող իշխանության հասցեին ամենասուր քննադատությամբ: – Նա զոհված զինվորականների ծնողներին միավորող «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ է:
– Փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների՝ Գարիկ Գալեյանի դեմ իրականացվող հետապնդումներն ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին: Հիմնվելով այս ակնհայտ իրողությունների վրա՝ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարում է. «Որդիների կանչ» ՀԿ անդամ, պատերազմում զոհվածի հայր Գարիկ Գալեյանի հանդեպ իշխանություններն իրականացնում են քաղաքական հետապնդում: Միաժամանակ, հաշվի առնելով Գարիկ Գալեյանի առողջական վիճակը՝ նրան կալանավորելու որոշումը գնահատում ենք որպես անմարդկայնության ծայրահեղ դրսևորում: Այսպիսի ռեպրեսիվ մեթոդներով իշխանությունը նպատակ ունի նաև ահաբեկել հասարակությանը: Սա պատասխանատվության ենթարկվելու անխուսափելի ու մոտալուտ հեռանկարից սարսափած բռնապետական ռեժիմի պահվածք է: «Մայր Հայաստան» դաշինքը պահանջում է վերանայել Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշումը:
Միաժամանակ, «Մայր Հայաստան» դաշինքն աջակցություն է հայտնում գործող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող հայրենակիցներին և քաղբանտարկյալներին: Մեր պայքարը նպատակաուղղված է այս ռեժիմից Հայաստանն օր առաջ ազատագրելուն, նշանակում է, նաև՝ քաղբանտարկյալների ազատվելու պահը մոտեցնելուն:
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ












