Տեսանյութ. Ձեր բերանից մի ճիշտ բան դուրս կգա՞, մի հայկական փաստարկ չունե՞ք, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ
«Այսօր ԱԺ դահլիճում կատարվեց մի ահավոր բան», խորհրդարանում այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Եւ այդ ահավոր բանը, ըստ Մանուկյանի, Փաշինյանի՝ Ալմա-Աթիի հռչակագրի մասին հայտարարությունն էր։ Մանուկյանի խոսքով՝ ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբեւէ Ալմա-Աթիի հռչակագիր տերմին չի օգտագործվել, իսկ 2022 թվականին այս իշխանությունն այդ հռչակագիրը դրեց Ալիեւի, տարբեր երկրների բանակցողների, պետական գործիչների բերանը․«Եւ Արցախի հարցով ահա՝ Ալմա-Աթիի հռչակագիր»։
Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ կա՞ որեւէ հայկական փաստարկ, որ Արցախը չի կարող եւ չէր կարող լինել Ադրբեջանի կազմում, որը Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կարող է բերել, եւ որ կուզենար այս բանակցությունների ընթացքում օգտագործեր։ Ի պատախսան հարցի Փաշինյանն ասաց՝ ձեր հարցը ձեր պատասխանը տալիս է․«Եւ դա հատուկ է բոլորիս, անկախ նրանից՝ ընդդիմություն ենք, թե իշխանություն, մենք օգտագործում ենք եւ օգտագործել ենք հայկական փաստարկ հասկացությունը, եւ փորձել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ չգիտակցելով, որ ԼՂ հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է։ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը մենք խորապես հավատացել ենք, որ հայկական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել, զրոյացնել։
Եւ այն ձեր փաստերը, որ բերում եք, չգիտեմ՝ ինչ ապացուցելու, վկայում է մի բանի մասին՝ ես հայկական փաստարկներին պակաս նվիրված չեմ եղել, որքան դուք եք նվիրված։ Խնդիրն այն է, որ մենք հայկական փաստարկով չենք կարողացել եւ չենք կարող երբեք եւ հետո էլ չենք կարողանալու լուծել որեւէ հարց։ Եթե հնարավոր լիներ՝ դուք լուծած կլինեիք, եւ այդ խնդիրը մեզ չէր հասնի»։












