Գուցե դե յուրե ձեւակերպումների իմաստով այդքան ճշգրիտ չեմ եղել․ Փաշինյանը՝ Ալմա-Աթիի հռչակագրի մասին
«Ձեր պնդումը, թե Ալմա-Աթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է 1992 թվականի փետրվարին, Ալմա-Աթիի հռչակագիրը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս, իրականության հետ որեւէ աղերս չունի»,-այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հղում արեց Փաշինյանի՝ օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ Փաշինյանն անդրադարձել է Ալմա-Աթիի հռչակագրին։ Խաչատրյանը պնդեց՝ ՀՀ-ն չի վավերացրել այդ հռչակագիրը եւ որեւէ երկիր չի վավերացրել, ո՛չ վերապահումներով, եւ ո՛չ էլ՝ առանց․«Ըստ այդմ, այն չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս։ Հայաստանն 92 թվականին վավերացրել է Ալմա-Աթայում ստորագրված մի այլ փաստաթուղթ, արձանագրություն, որով Հայաստանը միանում է Մինսկի համաձայնագրին։ Այս փաստաթուղթը Ադրբեջանը չի վավերացրել եւ միացել է ԱՊՀ-ին 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Հայաստանը վավերացրել է մի այլ փաստաթուղթ,որը հանդիսանում է օրենսդրության մի մասը՝ վերապահումներով հանդերձ։ Օրենսդրության մաս է 1992 հուլիսի 8-ին ընդունված ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, որտեղ հստակ գրված է՝ ՀՀ-ի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Պատգամավորն ասաց, որ կասկածում է, թե երկրի հինգ տարվա ղեկավարը այս հույժ կարեւոր մանրամասներին տեղյակ չլինի․ «Ուստի, ըստ իս՝ իրականության աղճատումը մեկ նպատակ ունի՝ չընդունել սեփական մեղքը եւ սեփական ձախողումների համար ժամանակի եւ տարածության մեջ մեղավորներ փնտրել»։
Մանրամասները` տեսանյութում:












