Գլխավոր » Regions, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա. Զախարովա

Սեպտեմբեր 14, 2023թ. 01:41

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: «Ռուսաստանը չէ, որ ճանաչել է Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի վրա, դա արել է Հայաստանի ղեկավարությունը: Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ինչպես դրան վերաբերվել: Բայց պետք չէ Երևանի կողմից ընդունված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Պետք չէ Ռուսաստանի մեջ թշնամի փնտրել: Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի թշնամին և երբեք չի լինի: Երբեք չի լինի»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Ռուսաստանի մասին Երևանի կտրուկ հայտարարություններին Մոսկվայի կոշտ արձագանքը «պայմանավորված է հասկացությունների նենգափոխմամբ»: «Մենք ուշադրություն ենք դարձրել անգամ ոչ այնքան անձնական մակարդակում տոնայնության և վիրավորական բաների, գռեհկության վրա. դրա վրա չէ, որ ուշադրություն ենք դարձրել: Այլ նրա վրա, որ դրանց հիմքում ընկած է եղել ճշմարտության, ճշգրտության բացակայությունը կամ դրանցով փաստերը նենգափոխելու փորձը: Ահա թե ինչն է առաջացրել մեր արձագանքը, դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ «եթե արձագանքենք մեզ ուղղված ամենօրյա գռեհիկ բողոքներին, ապա կարելի է արդեն չաշխատել, այլ միայն բողոքի նոտաներ հղել»: «Երկրորդ, դա նման կոպտությանն արձագանքելու մեր ոճը չէ: Պարզապես մեր մեթոդը չէ: Մենք բարձր ենք այդ ամենօրյա փոխադարձ կշտամբանքներից, բացառությամբ իրավիճակների, երբ խոսքը սկզբունքային նշանակություն ունեցող հասկացությունների նենգափոխման մասին է»,- ասել է Զախարովան: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նաև զգուշացրել է «մեղավորներ փնտրելու գայթակղության» վտանգների մասին, երբ «ինչ որ բան չի ստացվում կամ այնպես չի գնում»: «Քանի որ դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Դա վտանգավոր է Հայաստանի համար»,- ասել է Զախարովան:


Դիտել Regions, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն