Գլխավոր » Politics, Regions, TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եթե ՀՀ–ն ընդունի Էրդողանի առաջարկն ու նման հանդիպման գնա` կմեծացնի մեր դեմ սպառնալիքների ռիսկը. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 16, 2023թ. 22:40

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Էրդողանն առաջարկել է հարցով քառակողմ հանդիպում անցկացնել՝ ՌԴ–ի, Ադրբեջանի ու ՀՀ–ի ղեկավարների հետ՝ տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: Սա Իրանին գործընթացից դուրս թողնելու հերթական փորձն է:

Տարածաշրջանային հարցերի մեջ առաջին հերթին հենց մտնում է Սյունիքով անցնելիք ճանապարհի հարցը, ինչի դեմ հանդես է գալիս իրանական կողմը: Իմ տպավորությամբ, ՀՀ–ի դեմ ագրեսիվ քայլերը այս փուլում կանխվել են հենց Իրանի միջնորդությամբ: Միաժամանակ Փաշինյան–Էրդողան զանգի ժամանակ վստահորեն քննարկվել է ճանապարհի թեման: Այդ հարցով շահագրգռված են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և՛ ՌԴ–ն:

Էրդողանի հետ զրույցից հետո Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, որ իրենք կողմ են ճանապարհին՝ ակնարկելով, որ խնդիրը հենց «միջանցք» բառն է: Իբրև այդ ճանապարհով գազամուղներ են անցնելու, ՀՀ–ն էլ դրանից բացառիկ շահելու է: Հիշեցնեմ, որ ՀՀ–ին չեն թողնում անգամ Երասխում գործարան կառուցել, ուստի ամբողջությամբ կեղծ խոսույթ է, թե Թուրքիային ու Ադրբեջանին արված միակողմանի զիջումների գնով խաղաղության կհասնեն, հետո էլ ՀՀ–ն տնտեսապես կզարգանա: Փաստերը հակառակի մասին են:

Ինչևէ, Իրանը հանդես է գալիս առհասարակ որևէ ճանապարհի գործարկման դեմ, նրանք առաջարկում են, որ այդ ճանապարհն անցնի հենց Իրանի տարածքով, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ: Տպավորություն է, որ Փաշինյանը այլ քաղաքական գիծ է որդեգրել, դրա համար էլ Արարատ Միրզոյանի ու Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցը կոշտ երանգներ ուներ:

Հիմա արդեն Էրդողանը առաջարկում է քառակողմ հանդիպել ու հարցերը լուծել առանց Իրանի:

Եթե ՀՀ–ն նման հանդիպման գնա, ապա էլ ավելի փակուղային կդարձնի իրավիճակը՝ մեծացնելով մեր դեմ սպառնալիքների ռիսկը:

Խնդիրը Իրանը չի, խնդիրը մեր շահն է, մեր շահը թելադրում է մաքսիմալ անխոցելի ու պաշտպանված պահել Սյունիքը արտաքին միջամտություններից: Պատահական չի, որ դեռ մեկ դար առաջ Նժդեհն ու նրա համախոհները գիտակցում էին Սյունիքի նշանակությունը հենց Հայաստանի՝ որպես պետության գոյության համար»։


Դիտել Politics, Regions, TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն