Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Այսօրվա ընտրությունների մասնակցայնության ցածր մակարդակը լիակատար կերպով արտացոլում է այն քաղաքական կոլապսը, որի մեջ գտնվում է Հայաստանի քաղաքական դաշտը

Սեպտեմբեր 17, 2023թ. 21:10

«Եթե ՔՊ-ն այս ընտրությունները դարձնելու էր իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե, ապա այն ձախողվեց»,-այս մասին գրել է քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը:

Ինձ լավ ճանաչողները գիտեն, որ ընտրություններին միշտ մասնակցել եմ մեկ առաքելությամբ՝ ձևավորել ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Երբևէ իմ քվեին արժանացած որևէ ուժ չի հաղթել, և սա շատ լավ իմանալով՝ ես ընտրել եմ միշտ նրանց, ովքեր մաքսիմալ արդյունավետ կվերահսկեն իշխանություն դարձողին: Սա արել եմ՝ ունենալով հստակ մասնագիտական վերաբերմունք և գնահատական ընտրություն կոչվող ինստիտուտին, Հայաստանի ողջ ընտրական կենսագրությունը վերլուծելով: Այս անգամն էլ բացառություն չի եղել, գնացել և ընտրել եմ վերահսկողներին, այլ ոչ թե դարձողներին: Վերջին վեց ամսվա ընթացքում կատարված բոլոր լուրջ սոց. հարցումների տվյալները, որոնք իրականացվել էին, ցույց էին տալիս ընտրազանգվածի բացարձակ աբսենտիզմն ու բացառումը քաղաքական կոչվող ուժերի նկատմամբ:

Իշխանությունը տատանվում էր 14% ից 20% վստահության, իսկ ընդդիմությունը 4% ից 8% վստահության հորիզոնականներում: Բազմիցս նշել եմ, որ այս քաղաքական իրականությունը, եթե շուրջ մեկ տարի է չի փոխվում դեպի աճ, ապա միայն նվազելու է: Այսօրվա ընտրությունների մասնակցայնության ցածր մակարդակը լիակատար կերպով արտացոլում է այն քաղաքական կոլապսը, որի մեջ գտնվում է Հայաստանի քաղաքական դաշտը՝ թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության մակարդակով: Ցավոք, քաղաքական կոլապսն այս պայմաններում ձեռնտու է բացառապես իշխանությանը և բոլորս դա կտեսնենք այսօր ուշ երեկոյան:

Մինչ այդ նշեմ, որ ընտրություններն այս մասնակցայնությամբ փոխում են իշխանության վստահ քաղաքական միահեծանության լեգիտիմ հիմքերն ամբողջությամբ: Մեկ բան է իրական թիվը, մեկ այլ բան է այդ թվերի մասին միֆը, որն այսօր քանդվեց:

Ուստի, եթե ՔՊ-ն այս ընտրությունները դարձնելու էր իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվեի, ապա այն ձախողվեց: Եթե ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ուզում էր այն դարձնել մաքսիմալ ապաքաղաքական և PR շեշտադրումն անել հանուն Երևանի և երևանցու շահերի վրա, որ հնարավորինս շեղեր իրենից իսկ թիմի քաղաքական բացասական նստվածքը, ապա Փաշինյանը դա իրեն թույլ չտվեց, իսկ երևանցին այդ տարանջատմանը չհավատաց: Եթե ՔՊ ղեկավար-վարչապետը ցանկանում էր այն դարձնել սեփական իշխանության քաղաքական կուրսի շարունակականության, ճշմարտացիության և աջակցության հանրաքվեի իր հետագա գործողությունների լեգիտիմացման համար ապա ասել, որ դա ձախողվեց, նշանակում է ոչինչ չասել: Հ․Գ. Ինչպես ասել էի, ինձ քիչ է հետաքրքրում, թե ով է լինելու ԺԵԿ-ի պետ, բայց թե այսպիսի լեգիտիմության բազայով, որն արդեն ունի թիվ և հստակ պատկեր, Փաշինյանը միակ բանը, որ կարող է տալ, իր աշխատասենյակն է, էլ ուր մնաց թե Արցախ հանձնի:


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն