«Լիզել» բառը Նիկոլ Փաշինյանի մոտ շատ է կրկնվում, հավանաբար լիզելու հետ խնդիր ունի
«Լիզել» բառը Նիկոլ Փաշինյանի մոտ շատ է կրկնվում, հոգեբանները ասում են՝ ում մոտ ինչ ցավում է, դրանից էլ խոսում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը նախորդած ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 15-ի հանրահավաքում հնչեցրած հայտարարություններին, որոնցում նա ընդդիմությանը սպառնում էր «ասֆալտ ուտելով ու բորդյուր լիզելով»։
«Հավանաբար լիզելու հետ խնդիր ունի, այդ պատճառով անընդհատ կրկնում է։ Ֆրեյդը ասում էր՝ միայն սիգարն է երբեմն որպես սիգար ծառայում։ Լիզելն ու ուտելը ըստ էության փոքր տարիքից եկած խնդիր է Փաշինյանի մոտ»,- ասաց նա։
Թևանյանն անդրադարձավ Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Էրդողանի առաջարկին․ «Փաստորեն Էրդողանը առաջարկում է 2+2 ֆորմատը մեր տարածաշրջանում և Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո։ Շատ կարևոր է ընդգծել, որ նա Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, որ կայանա քառակողմ Պուտին-Ալիև-Էրդողան-Փաշինյան հանդիպումը և իրար հետ պասերով խաղում են»։
«Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են Իրանին դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից։ Այսինքն, 3+3 ֆորմատը Էրդողանն առաջարկում է փոխարինել 2+2 ֆորմատով, որտեղ Հայաստանը փաստացի ներկայացուցիչ չի ունենալու, եթե բանակցի Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է թուրքական և ադրբեջանական օրակարգը հասկանալի պատճառներով, քանի որ անձնական անվտանգության և աթոռի պահպանման խնդիր ունի։ Այս առումով նա 100 տոկոսով խաղում է թուրքական դաշտում»,- ասաց նա։












