Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ
Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ:
Նախագահ Օբաման իր սատարումն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի համար: ԱՄՆ-ի նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց որևէ նախապայմանի և չպետք է փոխշաղկապվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին` հայ-թուրքական գործընթացին ցուցաբերվող աջակցության համար և կիսվել իր համահայկական ուղևորությունից ստացած տպավորություններով: Հայաստանի Հանրապետության նախագահն ընդգծել է, որ աշխարհասփյուռ հայության մտահոգությունները և մտավախությունները գործընթացի վերաբերյալ բնական են` հաշվի առնելով այն փաստը, որ հայ ժողովուրդը Օսմանյան Թուքիայի կողմից ենթարկվել է Ցեղասպանության, ինչի մասին նախագահ Օբաման բազմիցս նշել է իր ելույթներում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամային` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ-ի կողմից կատարված հսկայական միջնորդական աշխատանքի համար և ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը` առաջ շարժվելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի առանցը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը և ընկած է Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների հիմքում:












