«Ալիևը թքում է միջազգային հանրության երեսին». Զոհրաբ Մնացականյան
X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Բաքվի լայնամասշտաբ հարձակմանը: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացման օրն Ադրբեջանի նախագահը թքում է միջազգային հանրության երեսին և հարձակվում Արցախի վրա:
Նա քաջատեղյակ է, որ անգործությունը և տաղտկալի հայտարարությունները մարդկության դեմ հանցագործությունների իրագործման և անպատժելիության համար կանաչ լույս են»: Ավելի ուշ, Զոհրաբ Մնացականյանը ևս մեկ գրառմամբ է հանդես եկել: «Արցախի ապօրինի շրջափակմամբ, սովահարությամբ, պարտադրանքով և հյուծմամբ Ադրբեջանի նախագահը մուտք է գործել բռնի տեղահանումների, էթնիկ զտման և ցեղասպանության ակտիվ փուլ»:
Մնացականյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի հանցավոր ռեժիմին կանգնեցնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխում ամրագրված դրույթների իրականացումը, որը վերաբերում է խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի հարցերին:












