Գլխավոր » NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Եթե Ղարաբաղում հայկական համայնք չմնա, ապա ռուսական խաղաղապահ առաքելության ներկայության համար արդարացում այլևս չի լինի

Սեպտեմբեր 24, 2023թ. 01:55

Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Այս մասին Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։

«Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն և ունեն անվտանգության շատ լուրջ մտահոգություններ: Այսպիսով, ես կարծում եմ, որ նրանց Ադրբեջանին վերաինտեգրելու նախագիծը կպահանջի տքնաջան բանակցություններ, անցումային միջոցառումներ, իրոք մտածված անվտանգության երաշխիքներ և այլն: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այս բանակցությունները տեղի են ունենում բռնության շատ դաժան և ոչ համաչափ դրվագներից հետո։ Այսպիսով, ես կարծում եմ, որ հարցը վստահությունն է։ Ադրբեջանի հայտարարած պարտավորությունները հայ բնակչության լայն շրջանակների կողմից չեն ընկալվում որպես արժանահավատ»,- նշում է փորձագետը:

Բրոերսի կարծիքով՝ ամենահավանական արդյունքը, որը մենք կտեսնենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, մարդկանց զգալի հոսքը կլինի Հայաստան․ «Եվ այստեղ հարց է ծագում՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ և ի վիճակի ընդունելու այդ մարդկանց»։

Նրա խոսքով՝ ելնելով նրանից, ինչ մենք տեսել ենք վերջին օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում, իր համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանն իսկապես ցանկանում է, որ Ղարաբաղի հայկական փոքրամասնությունը մնա․ «Դա կառավարության համար գլխացավանք է լինելու: Եվ դա չի համապատասխանում Ադրբեջանի ռեժիմի տեսակին ու կառուցվածքին։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի հավանական է՝ կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան»:

«Իհարկե, Ղարաբաղի հայերի մնալ-չմնալը նույնպես, ցավոք, աշխարհաքաղաքական հաշվարկների հարց է և կապված է ռուսական ներկայության շարունակման հետ։ Եթե Ղարաբաղում հայկական համայնք չմնա, ապա ռուսական խաղաղապահ առաքելության ներկայության համար արդարացում այլևս չի լինի»,- նշում է փորձագետը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի շահերից է բխում, որ այնտեղ հայերի խորհրդանշական ներկայություն ամեն դեպքում լինի։ «Բայց Ադրբեջանը ևս սպասում է 2025 թվականին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշեն երկարաձգել, թե ոչ ռուս խաղաղապահների մանդատը։ Ադրբեջանը ձգտում է, եթե ոչ ամբողջությամբ հրաժեշտ տալ ռուս խաղաղապահներին, ապա գոնե կտրուկ նվազեցնել ռուսական առաքելության բնույթն ու շրջանակը: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք կտեսնենք բնակչության ավելի շատ տեղաշարժեր»:


Դիտել NKR, TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն