Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Տիգրան Թորոսյան. «Եթե Ալիևը շատ է ուզում, որ վերջնական փուլը մոտենա, ուրեմն պետք է կոնկրետ քայլ կատարի»

Հոկտեմբեր 6, 2009թ. 13:40

TorosyanԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն Արցախ կատարած այցի ժամանակ  հայտարարել էր, թե   «Ղարաբաղյան կողմը բանակցություններից դուրս եկավ հենց հայկական կողմի ցանկությամբ», ապա հավելել` «Այսօր արդեն միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ ԼՂՀ-ին կրկին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու համար»: Փաստորեն, համանախագահ Ֆասյեն ակնարկեց, թե    բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցությունն այլևս  պայամանվորված է լինելու  նաև Ադրբեջանի  ցանկությամբ: Իսկ այդ հարցում Ադրբեջանի համաձայնությունն ակնկալելն, իհարկե, միամտություն կլինի:

Armar.am-ի խնդրանքով, արձագանքելով համանախագահ Բեռնար Ֆասյեի  վերոնշյալ հայտարությանը` ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը նախ ասաց. «Ցավոք սրտի, Ֆասյեի խոսքերում ճշմարտություն կա այն հարցում, որ ղարաբաղյան կողմը բանակցություններից դուրս մնաց հայակական կողմի ցանկությամբ: Այն ժամանակ երկու հայկական կողմերը որոշեցին, որ ՀՀ նախագահը կներկայացնի ՀՀ-ն և ԼՂՀ-ն:  Անկեղծորեն պիտի ասեմ, որ դա միգուցե, մարտավարական առումով ճիշտ քայլ էր, բայց ռազմավարական առումով` հղի էր լուրջ հետևանքներով:

Ինչ վերաբերում է Բեռնար ֆասիեյի  խոսքի մյուս հատվածին, ապա բանակցություններին ԼՂՀ մասնկացության իրավունքը ոչ Ադրբեջանն է որոշում, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսասատանը, ոչ էլ անգամ ՄԱԿ-ը, քանի որ այդ հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծելիք խնդիրն է: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի սեփական ապագայի հետ կապված որոշումներ ընդունել: ԼՂՀ-ի հարցի լուծման հիմքերն ու մեխանիզմերը որոշելու իրավունք, անգամ, Հայաստանի Հանրապետության նախագահը չունի:

Շատ կարևոր է, որ ՀՀ իշխանությունները հասկանան, որ խնդրի հետագա արդարացի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի օր առաջ, ժամ առաջ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցեն բանակցային գործընթացին: Հետևաբար, Հայաստանը ոչ միայն պիտի ցանկություն հայտնի, որ ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին, այլև պետք է ասի իր վճռական խոսքը: Հայաստանը աշխարհին պետք է հայտարարի, որ չի կարող ԼՂՀ-ի փոխարեն որոշումներ կայացնել, սա ԼՂՀ ժողովրդի իրավունքն է` ամրագրված միջազգային իրավունքի նորմերով: Ի վերջո, համանախագահները պետք է պատասխանեն մեկ հարցի` խնդրի կարգավորումը տեսնում են միջազգային իրավունքի շրջանակներո՞ւմ, թե՞ դրանից դուրս` պայմանավորելով ինչ- որ առևտրով: Եթե տեսնում են միջազգային իրավունքի շրջանակներում, ապա  կողմերից որևէ մեկը չի կարող խոչընդոտել ԼՂՀ-ին` մասնակցել  բանակցություններին: Հարկավոր է նման հարցադրումներ ուղղել համանախագահներին, և այդ կերպ բացահայտել նրանց իրական մոտեցումները  խնդրի կարգավորմանը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի օրերս արած այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն այլևս թևակոխում է վերջնական փուլ,  պարոն Թորոսյանը հակադարձեց այս կերպ. «Արցախի խնդրի կարգավորումը կթևակոխի   վերջնական փուլ այն ժամանակ , երբ Ադրբեջանը հայտարարի, որ հարգում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երբ նշանակված կլինի հանրաքվեի օրը, որին կմասնակցի միայն ԼՂՀ ժողովուրդը: Ալիևը շատ է ուզում, որ այդ վերջնական փուլը մոտենա, իսկ դրա համար, պարզապես, պետք է կոնկրետ քայլ կատարի` ճանաչի 1991թ. անցկացված հանրաքվեի արդյունքները: Սա է միակ ճանապարհը, եթե ցանկություն ունեն միջազգային իրավունքի շրջանակներում լուծել հիմնախնդիրը:

Իսկ եթե այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները մասնակցեն բանակցություններին, ապա իրենց հարցադրումները կլինեն բոլորովին այլ:

Արմենուհի Կարեյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն