Գլխավոր » NKR, Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանը Արցախի գործիչների անօրինական ազատազրկումներով փորձում է ոչնչացնել մեր էթնիկ ինքնությունը. Թաթոյան

Հոկտեմբեր 6, 2023թ. 01:30

Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր իրավունքների համար արդար պայքարը:

Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի կողմից՝ Արցախի ռազմական, քաղաքական գործիչների առևանգման դեպքերին:

«Վերջին օրերին ադրբեջանական իշխանության կողմից Արցախի պաշտոնաթող ու գործող առաջնորդների, հանրային-պետական գործիչների ազատազրկումներն ու առևանգումները բացահայտ անօրինական են և բացարձակ կամայական, հանցավոր արարքներ են:

Այս որոշումները բացառապես պայմանավորված են ադրբեջանական իշխանության հայատյաց ֆաշիստական քաղաքականության, վրեժի շարժառիթներով:

Արցախի նախագահները, Ազգային ժողովը, պետական մյուս ինստիտուտները խորհրդանշում են Արցախի պետականությունը, հայ ժողովրդի անկոտրում ոգին ու մեր զարթոնքը, մեր իրավունքների համար արդար պայքարը:

Ուստի, ադրբեջանական իշխանությունն այս անօրինական ազատազրկումներով ու քաղաքական հետապնդումներով իր համար գլոբալ հարցեր է լուծում` նվաստացնել հայ ժողովրդին, նսեմացնել մեր ազգային արժեքները, ոչնչացնել պայքարի ոգին ու մեր էթնիկ ինքնությունը, իբր ցույց տալ իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի ազգային ու անձնական արժանապատվությունը նվաստացնելու հաշվին:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը հատուկ հենց այդ նպատակներով էլ հրապարակել է նրանց բոլորի ազատազրկման ու հետապնդման տեսանյութերն ու լուսանկարները:

Հետևաբար, նրանց ազատ արձակումը ադրբեջանական անօրինական գերությունից բոլորիս խնդիրն է: Հայաստանի իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր հայրենակիցներին ազատելու համար:

Ինչպես արդեն ասել եմ, նրանց ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»- գրել է նա։


Դիտել NKR, Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն