Գլխավոր » Politics, Regions, TOP

Բլինքենի Թուրքիա այցի նախօրեին Անկարայի փողոցներում պաստառներ են հայտնվել՝ «Բլինքենը մանկասպան է» մակագրությամբ

Նոյեմբեր 6, 2023թ. 22:20

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կեսգիշերին ժամանել է Թուրքիա։ Բլինքենին և նրան ուղեկցող պատվիրակությանն Անկարա տեղափոխող ինքնաթիռն Էսենբողա օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 23:58-ին:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանում Բլինքենին դիմավորել են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեպարտամենտի երկկողմ քաղաքական կապերի գծով գլխավոր տնօրեն, դեսպան Յապրաք Բալքանը, Անկարայի փոխնահանգապետ Նամըք Քեմալ Նազլին։

Ըստ Anadolu գործակալության՝ ԱՄՆ պետքարտուղարն այսօր բանակցություններ կունենա Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, կքննարկեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք խնդիրներ, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Բլինքենի այցը Թուրքիա սկսվել է դիվանագիտական տհաճ միջադեպերով և ժեստերով։

Նախ՝ հատկանշական է, որ Բլինքենին թուրքական օդանավակայանում չի դիմավորել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ավելին՝ չի դիմավորել ոչ մի բարձրաստիճան թուրք պաշտոնյա՝ խախտելով ընդունված արարողակարգը։

Թուրքական ԶԼՄ-ները նաև ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Բլինքենին վերոնշյալ դիվանագետներն օդանավակայանում դիմավորել են լիակատար մթության մեջ, ինչը ևս դիվանագիտական որոշակի ժեստ է որակվում։

Իսկ այսօր նաև հայտնի դարձավ, որ Թուրքիայի հարավում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել Ինջիռլիքում տեղակայված ամերիկյան ռազմակայան։ Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդմամբ, ցուցարարները քննադատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները Գազայի հատվածում և պաշտոնական Անկարայից պահանջել փակել ավիաբազան։

Ըստ հաղորդումների՝ ցույցին մասնակցել են ոչ միայն ռազմակայանից ոչ հեռու գտնվող Ադանայի, այլև Ստամբուլի ու այլ քաղաքների բնակիչներ։ Ոստիկանությունը ստիպված է եղել փակել դեպի ռազմաբազա տանող ճանապարհները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Թուրքիա այցի նախօրեին Անկարայի փողոցներում պաստառներ են հայտնվել՝ ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի պատկերով և «Բլինքենը մանկասպան է» մակագրությամբ։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։


Դիտել Politics, Regions, TOP բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն