Պետք չէ խաբել Հայաստանի ժողովրդին՝ խոսելով Ադրբեջանի հետ հարցերի խաղաղ կարգավորման մասին, պետք է պատրաստվել ագրեսիան ետ մղելուն, բանակը պատրաստել. Միխայիլ Ալեքսանդրով
Ոչ միայն ես, այլ նաև շատ այլ քաղաքագետներ կանխատեսում էինք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը զավթելու վրա կանգ չի առնի և կշարունակի իր էքսպանսիան դեպի Հայաստան՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ճեղքելու համար։ Բաքվին ռազմական գործողության համար պատրվակ է անհրաժեշտ, իսկ եւ գյուղերի վերադարձի պահանջի մասին հայտարարությունը հայկական տարածք ներխուժման նախապատրաստություն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանից 8 «օկուպացված» գյուղ է պահանջել։
«Հետևաբար, Հայաստանի կառավարության այն խոսակցությունները, թե Ադրբեջանի հետ հնարավոր է ինչ-որ խաղաղություն, հնարավոր է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորում, ուտոպիստական հասկացություն է։ Հայաստանի իշխանություններին պետք չէ խաբել ո՛չ իրենց, ո՛չ Հայաստանի ժողովրդին՝ խոսելով Ադրբեջանի հետ հարցերի խաղաղ կարգավորման հնարավորության մասին։ Պետք է պատրաստվել ագրեսիան ետ մղելուն, բանակը պատրաստել, հասարակությանը մոբիլիզացնել, նրան նոր պատերազմի նախապատրաստել»,- նշեց փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ միջնորդների բոլոր հայտարարություններն այն մասին, թե խաղաղ համաձայնագիրը մոտ ապագայում հնարավոր է, կեղծիք են։
«Հայաստանը երկար լսում էր միջնորդների հայտարարությունները, թե պետք չէ կտրուկ շարժումներ անել, պետք չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլապես բարդություններ կլինեն, և Ադրբեջանի հետ ընդունելի պայմաններով համաձայնության գալու հնարավորություն կա։
Երեւանը երկար լսեց այս ամենը, եւ արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց Լեռնային Ղարաբաղը՝ իր նախնիների բնակության տարածքը։ Այնտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում։ Բացի այդ, Ադրբեջանն օկուպացրել է 150-200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք, հիմա էլ նոր պահանջներ է ներկայացնում»,- հավելեց քաղաքագետը։
Հայերի գոյատևման միակ հնարավորությունը պատերազմի պատրաստվելն է, Զինված ուժերը զարգացնելը և հզոր երկիր լինելը, որի հետ Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել»,- բացատրեց Ալեքսանդրովը։
«Ախորժակն ուտելիս է գալիս։ Եթե նախկինում Ադրբեջանը սահմանափակվում էր միայն Ղարաբաղի պահանջներով, ապա այժմ, տեսնելով Հայաստանի կառավարության պացիֆիստական օրակարգը, Բաքուն երևակայել է, որ կարող է էլ ավելի մեծ նպատակների հասնել։ Հիմա գլխավոր նպատակը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է, և դրա համար անհրաժեշտ է պատերազմ սկսել՝ հիմնավոր պատրվակով։ Եթե Ադրբեջանին սա հաջողվի, ապա ես Հայաստանի լուծարում եմ կանխատեսում»,- ընդգծեց նա։
Բաքվի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանին այլևս Հայաստանի տարածքով միջանցք այդքան էլ պետք չէ, տիպիկ խաբեություն է՝ ուղղված թշնամուն և միջազգային հանրությանը հանգստացնելուն, կարծում է փորձագետը։
«Ադրբեջանը կարող է դեպի Թուրքիա ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնել ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով։ Այս առումով երբեք խնդիրներ չեն եղել։ Բայց Ադրբեջանին անխոչընդոտ միջանցք է պետք, որն ինքը կվերահսկի։ Բայց Բաքուն Իրանի միջոցով երաշխիքներ չունի, Ադրբեջանը չի կարողանա ռազմական բեռներ տեղափոխել Իրանի տարածքով կամ բանակ տեղափոխել, այդ թվում՝ թուրքական, այսինքն՝ ՆԱՏՕ-ի բանակը»,- եզրափակել է Ալեքսանդրովը։












