Փաշինյանը շատ համարձակ է գործել` չցանկանալով, որ Հայաստանը ամբողջապես կախված լինի Ռուսաստանից. Ջեյմս Օ’Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը նոյեմբերի 27- ին Բրյուսելից լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանի ու Արևմուտքի միջև անվտանգային ոլորտի համագործակցության, մասնավորապես, Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին հայ լրագրողի հնչեցրած հարցերին։
Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ է գործել ու հասկացրել, որ ձգտում է, որ Հայաստանն առաջ շարժվի սահմանների և Արևմուտքի հետ հարաբերությունների բացման ուղղությամբ՝ չցանկանալով, որ Հայաստանը ամբողջապես կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես ձգտում էին դրան նախկին առաջնորդները: Նա ձեռնարկել է մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է շատ խրախուսելի լինեն Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ միտված են ապահովելու այնպիսի արագ տնտեսական աճ, որն ունեցել է Հայաստանը վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում: Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակորեն բարձրաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել: Այնպես որ, Հայաստանին աջակցող ցանկացած փաթեթ ողջունելի է: Այն, թե ինչպես ԵՄ-ն կորոշի դա իրականացնել այնտեղ, իր գործն է, բայց մենք հանձնառու ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ՝ վստահ լինելու համար, որ Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից»,- նշել է Ջեյմս Օ’Բրայանը:












