Գլխավոր » Analitika, NKR, Politics, TOP, Արցախ 24, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն

Կա 2 ճանապարհ.Ժամանակի սղության պատճառով առավել իրատեսական է խնդրի լուծման 2-րդ տարբերակը

Դեկտեմբեր 29, 2023թ. 00:24

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի 28-ին հրապարակած հայտարարությունից:

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությունն Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձի, այդ թվում նաև հանրապետության նախագահին, իրավունք չի տալիս դադարեցնել ԽՍՀՄ և միջազգային իրավական ակտերի համաձայն Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից անցկացված հանրաքվեով անկախ հռչակված Արցախի Հանրապետության գոյությունը: Հետևաբար, նշված հրամանագիրն ԱՊՕՐԻՆԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ: Սակայն, քաղաքական առումով, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի համատեքստում, անհրաժեշտ է չեղարկել տվյալ հրամանագիրը:

Հակառակ պարագայում 2024թ. հունվարի 2-ից սկսած թե՛ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի վարչակազմը, թե՛ թուրքադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող հայաստանյան գործող վարչակազմը ամեն հարմար ու անհարմար առիթի դեպքում թմբկահարելու են տվյալ հրամանագիրը՝ պնդելով, որ Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չունի:

Նշված հրամանագիրը մինչև 2024թ. հունվարի 1-ը չեղարկելու համար առկա է իրավական երկու ճանապարհ՝

Առաջին. Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագրի համապատասխանությունը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը որոշելու համար:

Երկրորդ. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կարող է ստորագրել հրամանագիր Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Նկատի ունենալով ժամանակի սղությունը՝ առավել իրատեսական է խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կարող է ստորագրել Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին իր՝ 2023թ. սեպտեմբերի 28-ին ընդունած հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին հրամանագիր, որի մասին էլ հայտարարությամբ պետք է հանդես գա Արցախի տեղեկատվական շտաբը՝ հրապարակելով տվյալ հրամանագիրը:

Խնդրի լուծման իրավական ճանապարհների մասին հանգամանորեն հանդես եմ եկել մամուլում դեռևս 2023թ. հոկտեմբերի 14-ին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ


Դիտել Analitika, NKR, Politics, TOP, Արցախ 24, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն