ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ
Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հանրային Հ1 պետական հեռուստաընկերության եթերով չհեռարձակելը սոցիալական ցանցերի տեղեկատվական հոսքերում լուսաբանվեց և գնահատվեց ոչ պատշաճ ձևով, երբեմն նաև մանիպուլյատիվ կերպով։
ՀՀ իշխանությունների կողմից այդ փաստի մասին երկրորդական պատճառաբանությունները ներկայացվեցին որպես հիմնական պատճառ, իսկ փորձագիտական որոշ շրջանակներ, հասարակական և ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ երկրորդեցին նրանց՝ Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավի իրական պատճառների, այն կազմակերպող երկրների և նրանց հայաստանյան կամակատարների մասին բարձրաձայնելու փոխարեն։
Հայ Առաքելական Եկեղեցու,Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռի միաբանների, Եկեղեցու թեմակալ առաջնորդների նկատմամբ շուրջ վեց տարի իրականացվող քարոզչական պատերազմի հայաստանյան կամակատարներն իրականում սպասարկում են հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայիս իշխանությունների ու ԵՄ ինստիտուտների շահերը։ Եվ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ չհայտարարված պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու,Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռի միաբանների, Եկեղեցու թեմակալ առաջնորդների և հավատացյալների նկատմամբ։
Թիրախավորելով Հայաստանում ազգային միակ ինստիտուտ հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցուն և իր հոգևոր առաջնորդ Վեհափառ Հայրապետին՝ հավաքական Արևմուտքը փորձում է այդ կերպ ամբողջովին իրեն ենթարկել Հայաստանը և այն որպես գործիք օգտագործել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։
Հավաքական Արևմուտքը և նրանց հայաստանյան կամակատարները փորձում են կեղծիքների տարածմամբ վարկաբեկել Եկեղեցուն, հոգևոր Առաջնորդին, հոգևորականներին, անջրպետ ստեղծել Եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի միջև։ Թիրախավորելով Եկեղեցուն՝ նրանք փորձում են ոչնչացնել նաև հայ ազգային ինքնությունը, ձևախեղել հայ մշակույթը, կեղծել հայոց պատմությունը, բարեկամ երկրներին, հավատակից ժողովուրդներին ներկայացնել որպես թշնամի, իսկ թշնամի և հակառակորդ պետություններին՝ որպես բարեկամ և դաշնակից, ինչին, փաստացիորեն, խոչընդոտում է Հայ Առաքելական Եկեղեցին։
Փաստացիորեն փորձ է արվում Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա, որտեղ արևմտյան հատուկ ծառայությունները իրականացրեցին Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու պառակտում, եկեղեցիների և եկեղեցական գույքի առգրավում, հոգևորականների ձերբակալություններ և հետապնդումներ, որտեղ Կիևի նացիստական իշխանությունների կամակատար դարձած անջատողական հոգևորականները ուկրաինացիներին դրդում են եղբայրասպան պատերազմի՝ հանուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և նրանց դաշնակիցների շահերի։
Ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքը ձգտում է նույն գործողությունները կատարել նաև Հայաստանում։ Այդ ուղղությամբ առաջին քայլը Վեհափառ Հայրապետի վարկաբեկումը, հեռացումը և իրենց կամակատար անձի նշանակումն է՝ բնականաբար, արդարության և ժողովրդավարության կեղծ փաթեթավորմամբ։
Հայ ազգի համար չարի կայսրության՝ հավաքական Արևմուտքի վերոնշյալ ծրագրերի ձախողման միակ գրավականը ինքնիշխանության, ազատության, Արևմուտքի գաղութատիրական լծից ազատագրվելու և ազգային ինքնության պահպանման համար պայքարող, այդ ուժերի դեմ պատերազմող ժողովուրդների ու պետությունների հետ սերտ դաշնակցությունն ու համագործակցությունն է։
«301-ի Խորհուրդ» նախաձեռնության համակարգող խումբ
ԵՐԵՎԱՆ, 05 հունվարի 2024 թ․












