Կենսաթոշակառուներին առավել երկար կաշխատեն
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այլևս կենսաթոշակառու լինելը չի կարող պատճառ դառնալ անձին աշխատանքից ազատելու համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործատուն չի կարողանալու անձի աշխատունակությունը կապել տարիքի հետ։
«Փորձը ցույց էր տալիս, որ լինում էին չարաշահումներ։ Երբ անձը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն առիթից օգտվում էր ու աշխատանքից նրան ազատում էր միայն նրա համար, որ քաղաքացին կենսաթոշակառու է։ Նման դեպքերում շատ քչերն էին դիմում առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին կամ դատարան իրենց իրավունքը պաշտպանելու նպատակով։ Հիմա այս փոփոխություններով օրենքով քաղաքացին պաշտպանված է լինում»,-ասաց Ժորա Սարգսյանը։
Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ աշխատանքային օրենսգրքում կատարված այս փոփոխությունով հնարավորություն է տրվում կենսաթոշակառուներին առավել երկար գտնվել աշխատաշուկայում։












