Հայկական մշակույթն ինձ համար առաջնահերթ է․ կանադահայ արվեստագետ
Կանադահայ Գևորգ-Ջորջ Քասաբյանն այն արվեստագետներից մեկն է, որի աշխատանքները լի են հայկական գույներով, մինիմալիստական ոճով և անսահման սիրով։
Գևորգ-Ջորջ Քասաբյանը ծնվել է Հալեպում, մասնագիտական գործունեությունը շարունակել Կանադայում, իսկ 90-ականներին որոշել է հաստատվել հայրենիքում։ Երբ նայում ես նրա նկարներին, թվում է՝ կարող ես ինքդ վերցնել վրձինը և նմանատիպ պատկերներ ստեղծել, սակայն հասկանում ես՝ արդյունքը նույնը չի լինի։
Նկարչի ընկերները նշում են՝ Գևորգը երբ տեղափոխվել է Հայաստան, արդեն կայացած արվեստագետ էր, վառ ու ուժեղ անհատականություն։ Արվեստագետի առաջին ցուցադրությունը Կանադայում էր, հեռավոր 1973 թ.-ին։ Հայ արվեստասերներին Քասաբյանն առաջին անգամ ներկայացել է 2004-ին։ Քասաբյանը երեք մասնագիտություն ունի․ ճարտարագետ է, ծրագրավորող և դրանց հետ համատեղում է նաև արվեստը՝ նկարչությունն ու քանդակագործությունը։

Քասաբյանն ասում է, որ նկարչությամբ սկսել է զբաղվել, երբ դեռ 30 տարեկան էր, նաև հավելում, որ սկզբից էլ ստեղծագործել է մինիմալիստական լուծումներով։ Վերջերս լրացավ նկարչի ստեղծագործական ուղու 50-ամյակը։ Կանադահայ արվեստագետի աշխատանքները զարդարում են աշխարհի թանգարանները, հյուրանոցները, հիվանդանոցներն ու համալսարանները:
Քասաբյանն իր աշխատանքները ներկայացրել է թե՛ տեղական, թե՛ միջազգային ցուցադրությունների ժամանակ, մի շարք մրցանակների դափնեկիր է։
Արվեստագետը ընդգծում է՝ հայկական մշակույթը իր համար առաջնահերթ է, իսկ սեփական աշխատանքներն և ցուցադրությունները լավագույն տարբերակն են այն տարածելու համար։
Աննա Հարությունյան
ՀՊՄՀ ուսանող












