Շատ լրատվամիջոցներ ուղղակի մի կողմ դնելով հանրային շահը՝ սպասարկում են տարբեր քաղաքական և կլանային շահեր․ Աշոտ Մելիքյան
Մեկ տարուց ավել է՝ քննարկվում է լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի մասին առաջարկը։ ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրերս տեղի ունեցած քննարկման ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց՝ առաջարկվող փոփոխությունները լինելու են կամավոր, և պետությունը իրավունք չի ունենալու պարտադրել, որպեսզի որևէ լրատվամիջոց ինքնակարգավորվի:

Ըստ Մելիքյանի՝ նախագիծը հորդորում է զբաղվել որակյալ լրագրությամբ, ինչպես նաև հետևել մասնագիտական նորմերին։ Բանախոսի ձևակերպմամբ տեղեկատվական ոլորտում այսօր բևեռացում կա, բաժանում՝ ըստ քաղաքական, տնտեսական, կլանային ճամբարների․ «Շատ լրատվամիջոցներ ուղղակի մի կողմ դնելով հանրային շահը՝ սպասարկում են տարբեր քաղաքական և կլանային շահեր ու այդ ընթացքում ոտնահարվում են նաև լրագրողական տարրական նորմերը»։ Նախագիծն առաջարկում է բացի ինքնակարգավորվող համակարգից ստեղծել նաև վերահսկող կառույց՝ Մեդիա խորհուրդը։
Աննա Հարությունյան












