ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա առթիվ
Ստեփանակերտ, 5 հոկտեմբերի 2009թ.
Թանկագին ուսուցիչներ
Այսօր ձեր մասնագիտական տոնն է: Եվ ես ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ, մեծարանքի ու երախտիքի ամենաջերմ խոսքերը հղել ձեզ: Ձեր աշխատանքն իրավացիորեն արժանի է բարձր գնահատանքի ու խոնարհումի:
Մենք բոլորս ժամանակին եղել ենք աշակերտներ եւ մինչեւ այսօր էլ խորին ակնածանքով ենք հիշում մեր դպրոցն ու մեր ուսուցիչներին: Դպրոցական տարիներին են ձեւավորվում հանրապետության ապագա քաղաքացիների մարդկային որակներն ու հոգեկան աշխարհը, այդ ժամանակ է նախանշվում նրանց կյանքի ուղին, ինչից էլ մեծապես կախված է մեր հայրենիքի ապագան: Հենց այդ տեսակետից է կարեւորվում ուսուցչի առաքելությունը, որը գալիս է դարերի խորքից:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները քաջ գիտակցում են կրթության դերը մեր հասարակության կյանքում եւ այսուհետ էլ կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից պահանջներին համապատասխան ոլորտի զարգացման, դպրոցների կառուցման ու վերականգնման, ուսուցիչների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման խնդիրները: Հարուստ գիտելիքներով զինված եւ բազմակողմանի զարգացած երիտասարդը յուրաքանչյուր պետության հարստությունն է եւ իր ուսուցչի հպարտությունը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք: Թող ձեր թափած ջանքերը զուր չանցնեն, ձեր քրտնաջան աշխատանքը միշտ լինի գնահատված եւ սերունդները արժանին հատուցեն ձեզ:












