Գլխավոր » Լրահոս

11 կուսակցություն ոչ են ասել նախաստորագրված փաստաթղթին

Հոկտեմբեր 6, 2009թ. 18:36

Այսօր «Էրեբունի պլազայում» Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում հայ-թուրքական հարաբերությունների և նախաստորագրված պայմանագրի վերաբերյալ: Ներկա էին բոլոր այն կուսակցությունները, որոնք, կիսելով ՀՅԴ-ի կարծիքը, դեմ են քվեարկել հայ-թուրքական հարաբերություններին և մնացած քաղաքական ուժերին ևս կոչ են անում չստորագրել հրապարակված արձանագրությունների տակ, եթե այն մնալու է առանց փոփոխության: Հայ-թուրքական հարաբերություններին դեմ է ստորագրել 11 կուսակցություն, մասնավորապես` ՀՅԴ, «Նոր ժամանակներ», «Ժառանգություն», ՀՌԱԿ, Ժողովրդական կուսակցություն, «Մայր հայրենիք», «Միավորված հայեր», «Ազգային միաբանության ուխտ», ՀԴԿ, «Գոյամարտ» համազգային կուսակցություն:   ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, ողջունելով ներկաներին, մեկ անգամ ևս հայտարարե, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմաններն ամրագրող այլ պայմանագիր, բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված ապօրինի պայմանագրերից, գոյություն չունի: Ուստի, ճանաչելով այդ սահմանները, մենք Թուրքիային հնարավորություն կտանք բավարարելու դրա գլխավոր նախապայմաններից մեկը, ինչն էլ իր հերթին բերում է երկրորդ նախապայմանի իրականացմանը, այն է`Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցմանը: Դրանով Թուրքիան հնարավորություն կունենա ավելի ակտիվացնել իր ուրացման քաղաքականությունը: Ի վերջո, Թուրքիան, իրեն վերապահելով խառնվել իրեն չպատկանող երրորդ երկրի ներքին գործերին, հնարավորություն է ձեռք բերում հասնելու հաջորդ նախապայմանի բավարարմանը` Հայաստանից  ու միջնորդներից պահանջելով իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն էլ, խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, կարևորեց այն իրողությունը, որ այսօր Թուրքիան ջանք չի խնայում Եվրամիության լիարժեք անդամ դառնալու համար, այդ իսկ պատճառով նրան հարկավոր է չեզոքացնել կոնֆլիկտային հարցերը տարածաշրջանում և խաղաղություն պահպանել: Ուստի Թուրքիան ինքը պետք է զիջի, այլ ոչ թե մենք, որովհետև նրան տալով հավասարազոր պայմաններ` մենք արդեն զիջում ենք: Իշխանությունն իր այս քայլով նպաստում է Թուրքիայի համաշխարհային դերակատար դառնալուն: Փաստորեն, նրան տարածաշրջանում որպես լիդեր ընդունելով` մենք երբևէ չենք հասնի մեր նպատակներին, ուստի պետք է կանգ առնել: Իսկ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն այս ամբողջ գործընթացը, սկսած ապրիլի 23-ից մինչև վերջին իրադարձությունները, վիրավորական է համարում 10 միլիոնանոց հայության համար: Քանի որ « հանկարծակի» ներկայացված բոլոր պայմանավորվածություններն ու արձանագրությունները, ըստ իշխանությունների հայտարարությունների, փոփոխության ենթակա չեն և հնարավոր չէ անգամ մի կետ փոխել: Իսկ եթե այդ անզգույշ ու ոչ հեռատես քայլից փորձանք պատահի, և ամբողջ ազգը տուժի, որից չկարողանանք ազատվել, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Կամ եթե նույնիսկ մեղավորներն էլ ստանան իրենց արժանի պատիժը, դրանից ի՞նչ օգուտ կստանա հայրենիքը: «Մենք բոլորովին չենք վստահում իշխանություններին»,- վերջում իր կուսակցության անունից ավելացրեց ՌԱԿ ներկայացուցիչը: Մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, անդրադառնալով նախաստորագրված փաստաթղթին, այն համարեցին  ազգային դավաճանություն և Արևմտյան Հայաստանի թուրքացման պայմանագրի վավերացում: Իսկ «Գոյամարտ» համազգային ուխտ կուսակցության ղեկավար Սերյոժա Ղազարյանը այս հարցում գլխավոր մեղավոր համարեց ՌԴ-ին ու ԱՄՆ-ին` հավելելով. «Ռուսաստանը կրկին լկտիաբար դավաճանում է մեզ»: Վերադառնալով հայկական իրականություն` նա ցավով նշեց, որ ՀՀ-ն երբեք չի ունեցել ԱԳ նախարար, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացվել է Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի թելադրանքով:

Վանիկ Վարդևանյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն