Մոսկվայի հայկական կազմակերպությունները հայտարարում են` չստորագրել արձանագրությունները
Մոսկվայի հայկական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում Հայաստանի ղեկավարությանը կոչ են անում չստորագրել հայ-թուրքական արձանագրությունները:
Նշելով, որ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պարունակում են թուրքական հայտնի նախապայմանները՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանների «դե յուրե» ճանաչում եւ Թուրքիայում հայերի ցեղասպանության քննարկման համար հանձնաժողովի ստեղծում,
նկատի ունենալով, որ այս փաստաթղթերը թուրքական պետության քաղաքականության լոկ մի մասն են, իսկ գործընթացը ցույց տվեց, որ արձանագրությունների վավերացումը եւ սահմանի բացումը Թուրքիան կապում է իր մյուս նախապայմանի՝ Ղարաբաղյան կարգավորման հարցում հայկական կողմի զիջման հետ,
նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ստեղծել են բանակցություններում առավելության հասնելու մեխանիզմ եւ հայ-թուրքական հարաբերությունների տարբեր փուլերում Թուրքիան Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցերում պահանջներ է առաջադրելու,
նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ներկա ընտրված ձեւով, որը պահանջում է արձանագրությունների վավերացում, ինչից հետո դրանք դառնալու են պետության միջազգային պայմանագրեր, թուրքական պայմանները պարունակող արձանագրությունները կվերածվեն Հայաստանի վրա ճնշման միջազգային-իրավական լծակի,
Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում վերանայելու իր դիրքորոշումը, այն է.
1. Չստորագրել այս արձանագրությունները, որոնք Հայաստանի եւ հայության ազգային շահերի համար կարող են բերել անկախատեսելի հետեւանքների,
2. Հղում անելով սեփական ժողովրդի դժգոհությանը, համապատասխան հայտարարությամբ դուրս գալ ներկա, արժանի պայմաններ չապահովող բանակցություններից,
3. Այն պայմաններում, երբ հայկական կողմը այս փուլում ինչ-ինչ պատճառներով չի իրացնում Ցեղասպանության հարցում իր ունեցած առավելությունը, ինչը Թուրքիային զսպող գործոն է հանդիսանում, առաջարկել դիվանագիտական հարաբերությունների հաստատման այլ ձեւեր. նոտաների, հեռագրերի փոխանակում կամ համատեղ հայտարարություն,
4. Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հետագա լարվածությունից եւ պառակտումից խուսափելու համար ստեղծել համահայկական հարցերի նկատմամբ դիրքորոշումների մշակման արդյունավետ մեխանիզմներ։ Նման տարբերակներից մեկը կարող է լինել Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ նախագահին կից Խորհրդի ստեղծումը։
ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակ
Հայկական մշակութա-լուսավորչական «Արարատ» ընկերություն
Մոսկվայի հայկական պատմա-տոհմաբանական ընկերություն
Մոսկվայի հայկական «Նախիջեւան» հայրենակցություն
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթ
Armar.am












