11 կուսակցությունների հայտարարությունը
Այսօր 11 կուսակցություններ միասնական հայտարարություն են ստորագրել՝ ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների: Այն ստորագրել են մասնավորապես՝ ՀՅԴ, ՀՌԱԿ, «Նոր ժամանակներ», «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն (Տիգրան Կարապետյան), «Գոյամարտ» համազգային կուսակցություն, «Մայր հայրենիք», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Միավորված հայեր», «Ազգային միասնության ուխտ», ՀԴԿ կուսակցությունների ղեկավարները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն քայլ էր եւ պետք է դառնար միակ զիջումը, որ կատարում է ցեղասպանություն վերապրած, շրջափակման ենթարկված կողմը: Հրապարակված արձանագրությունների բովանդակությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե իբր դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման վերացման գործընթացն իրականացվում է առանց թուրքական նախապայմանների բավարարման: Ակնհայտ իրողություն է, որ.
– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմաններն ամրագրող այլ պայմանագիր, բացի Մոսկվա-Կարս փոխկապակցված եւ ապօրինի պայմանագրերից գոյություն չունի: Ուստի, ճանաչելով այդ սահմանները, մենք առաջին անգամ, որպես անկախ պետություն, վավերացնում ենք պայմանագրի Թուրքիայի համար ամենաանհրաժեշտ հատվածը: Այսպիսով բավարարվում է նրա գլխավոր նախապայմաններից մեկը` այսօրվա սահմանների ճանաչումը:
— Հնարավորություն տալով ձեւավորել պատմական հարթությունների վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով, չստեղծելով որեւէ նախադրյալ Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման համար, կասեցվում է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, նոր հնարավորություններ են առաջանում Թուրքիայի կողմից իրականացվող ուրացման քաղաքականության ակտիվացման համար: Այսպիսով բավարարվում է Թուրքիայի հաջորդ պահանջը` կասեցնել ցեղասպանության ճանաչման վերջին ժամանակներում թափ առած միջազգային գործընթացը:
– Հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացների ժամանակային առումով փաստացի փոխպայմանավորումը, տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրմանը զուգահեռ ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման պարտավորության բացակայությունը լայն ճանապարհ են հարթում վերոնշյալ գործընթացների փոխկապակցման եւ դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարության մեծացման համար: Այսպիսով, Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնել իր նախորդ նախապայմանի բավարարմանը` պահանջելով Հայաստանից եւ միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:
– Վերջապես, միակողմանիորեն փակելով սահմանները եւ այն երկկողմ բացելու որոշում արձանագրելով` Թուրքիան սահմանների մինչ օրս փակ լինելու պատասխանատվությունը փաստորեն կիսում է Հայաստանի հետ:
Մենք պահանջում ենք չստորագրել հրապարակված արձանագրություններն այս տեսքով եւ իրականացնել վերոնշյալ վտանգները չեզոքացնող փոփոխություններ»:
Armar.am












