Գլխավոր » Լրահոս

Իսկ գուցե փորձ կարվի ձևավորել «ընկեր-թուրքի» բարի կերպա՞րը

Հոկտեմբեր 6, 2009թ. 19:40

Օրերս Armar.am-ի թղթակիցն արդեն անդրադարձել է  հայ-թուրքական հարաբերությունների շուրջ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի որոշ  մարզերում անցկացվող  քննարկումներին ու հասարակական կարծիքի հետազոտություններին և դրանց հնարավոր հետևանքներին: Թևան Պապյանի կողմից իրականացվող այս քննարկումներն ու հարցումները, որոնք ֆինանսավորվում են արտերկրից, չե՞ն կարող արդյոք շփոթության մեջ գցել հայ հասարակությանը` ազդելով նրա զգոնության վրա:

Անհանգստացած այս խնդրով` դիմեցինք Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի (ԱՍԱ) հիմնադիր-նախագահ Գևորգ Պողոսյանին:

« Չի կարելի պնդել, թե հասարակական հարցումները, որ այսօր իրականացնում են հասարակական կազմակերպությունները, արտացոլում են ՀՀ բնակչության կարծիքը: Չի կարելի,   որովհետև դրանք փոքր խմբեր են, որտեղ  հարցվողները հատուկ ձևով  են ընտրվում. հասարակության բոլոր խմբերը չեն, որ ընդգրկվում են այստեղ: Ամբողջ աշխարհում հասարակության կարծիքն իմանալու այլ մեթոդներ են կիրառվում: Այստեղ մարդիկ ընդամենը կարող են արտահայտել իրենց դեմ կամ կողմ կարծիքը, կամ փոխել մինչ այդ ունեցածը»:

Գևորգ Պողոսյանը նշեց, որ  հայ-թուրքական հարաբերությունների  շուրջ իրենց ասոցիացիան` թուրքական նմանատիպ ընկերության հետ միասին, դեռևս 2002-03 թթ. արդեն անցկացրել է մի հետազոտություն: Այսօր, պայմանավորված վերջին իրադարձություններով, անհրաժեշտություն է առաջացել նման մի հետազոտություն ևս կազմակերպել: Ներկա փուլում բանակցություններ են տարվում թուրքական ընկերությունների հետ` Թուրքիայում այդպիսի հետազոտություն անցկացնելու համար:

Խոսելով հետազոտության անցկացման ֆինանսավորման մասին` նա նշեց.

«Մենք ենթադրում ենք, որ դա պետք է լինի ինչ-որ անկախ` չեզոք մի ֆոնդ, որը պարզապես հնարավորություն կտա մեզ և թուրք սոցիոլոգներին անցկացնել նման հետազոտություն` առանց որևէ կոնկրետ արդյունք ակնկալելու»:

Թե որքանով այդ հարցումները կլինեն անկախ, դժվար է ասել: Մի բան ակնհայտ է. սոցիոլոգիական հետազոտությունները, եթե անգամ հայտարարվում  են անկախ, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:  Այս դաշտում, ինչպես հայտնի ասացվածքում, ով վճարում է, նա էլ երաժշտություն պատվիրողն է: Հենց դա է սոցիոլոգիական հետազոտությունների հանդեպ  թերահավատ վերաբերմունքի պատճառը:

Եվ այսօր, եթե   Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան թուրքական նմանատիպ կազմակերպության հետ համատեղ այդպիսի ուսումնասիրություն իրականացնի, հարց է առաջանում` այդ ի՞նչ գումարներով է դա արվելու: Եթե դրսի պատվերն է, ապա միանշանակ է,  որ այն հասարակական կարծիքի վրա ներգործելու և   պատվիրատուի համար ցանկալի արդյունք  ստանալու նպատակ ունի: Գուցե փորձ է արվելու  ձևավորել  «ընկեր-թուրքի» բարի կերպա՞րը: Չի բացառվում, որ սա հերթական ոչ հայանպաստ քարոզչությունն է` ուղղված  հայ մարդու զգոնության թուլացմանը:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն