Կներեք, բայց այդ ժամանակ ձեր հրաժարականը ոչ մի արժեք չի ունենա
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքողները փորձում են առաջ քաշել գոյություն չունեցող խնդիրներ։ Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ արձանագրություններում Ղարաբաղի և Ցեղասպանության ճանաչման հետ կապված նախապայման չկա, Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, ուստի այդ հարցը շահարկողները՝ ազգի տականքներ են։
Անդրադառնալով, Հայաստանի և Սփյուռքի բողոքի ակցիաներին, նկատեց, թե դրանք անկեղծ չեն: Նրա հետ վեճի բռնված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, սակայն հակադարձելով նկատեց, թե արձանագրություններում առկա են նախապայմաններ, որոնք վտանգի տակ են դնում մեր երկիրը: «Եվ անհասկանալի է, որ բողոքի նման ակցիաներից հետո իշխանությունները դեռ պնդում են, թե միեւնույն է` պետք է արձանագրությունը ստորագրվի, կամ ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է ասում` եթե վատ լինի, հրաժարական կտանք: Բայց կներեք, այդ ժամանակ որեւէ մեկին` որեւէ մեկի հրաժարականը պետք չի լինի: Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանն էլ հայտարարում են, եթե թուրքական կողմը վավերացնի արձանագրությունը, հայկական կողմն դանք չվավերացնելու տեղ չի ունենա: Ինչ է սա նշանակում: Սա շատ վտանգավոր հայտարարություն է»:












