Հայր Լևոն Զեքիյանը. «Մենք գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ, հետևապես, պետք է շատ աչալուրջ և ուշադիր լինենք»
Մխիթարյան միաբանության անդամ, պատմական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Հայր Լևոն Զեքիյանը գտնվելով Հայաստանում` Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում հանդես եկավ «Մխիթայան Միաբանությունը» թեմայով զեկույցով:
Ելույթի վերջում նա պատասխանեց նաև ներկաների հարցերին: Հայր Լևոնին ուղղված հարցերի գերակշիռ մասն առնչվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին: Պրոֆեսորը նախ նկատեց, որ հարևան երկրի հետ չի կարելի թշնամաբար ապրել, բայց միաժամանակ և հիշեցրեց` մենք գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ, հետևապես, մեր հարաբերությունների հստակեցման հարցում պետք է շատ աչալուրջ և ուշադիր լինենք:
Ինչ վերաբերում է, հանրապետության նախագահի համահայկական ուղևորությանը, ապա Հայր Լևոնը հույս հայտնեց, որ այն լավ արդյունք կունենա, ապա հավելեց. «Ամեն հայ պետք է իր կարծիքը հայտնի` հարգելով դիմացինի կարծիքը»: Ըստ նրա, ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելիս նախևառաջ պետք է հաշվի առնել Հայաստանի քաղաքացիների կարծիքը: Նա շեշտել է, որ Փարիզում ապրող հայը, որպես հայ, կարող է արտահայտել իր կարծիքը, բայց վճռորոշը պետք է լինի հայաստանաբնակ հայերի խոսքը:
Քրիստինե Մելքոնյան












