ՀՀ Նախագահի ելույթը Բեյրութում.«Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից»
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Նախագահը Բեյրութում հանդիպում է ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ:
Հանրապետության Նախագահը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին: Դիմելով ընթրիքի մասնակիցներին` Սերժ Սարգսյանն ասել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ես ցանկանում եմ լիբանանահայության օրինակով խոսել մի երեւույթի մասին, որին դուք տեղյակ եք ինձնից ավելի լավ: Խոսքն այն մասին է, թե ցեղասպանություն վերապրած հայերը ինչպես, ինչ վիճակով հասան Լիբանան եւ մեկ-երկու սերունդ հետո ինչ արդյունքներ արձանագրեցին: Իրենց տնից, հողից, գույքից զրկած, կիսաքաղց ու կիսամեռ մեր ժողովրդի բեկորները, որոնց մեջ մեծաթիվ էին նաեւ որբերը, շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեցին մի ծաղկուն հայկական գաղթօջախ իր ենթակառուցվածքներով: եկեղեցիներով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեսիրական կառույցներով եւ աճեցրին հայախոս ու հայրենասեր նոր սերունդներ:
Վերապրելու այս բացառիկ կամքն ու կարողությունը հետագայում պիտի կոչվեր «հայկական ֆենոմեն» Այս նույն պատմության կրկնությունը մենք տեսանք աշխարհով մեկ սփռված հայության նաեւ մյուս կղզյակներում, ինչը կարող են վկայել այստեղ ներկա տարբեր համայնքների ներկայացուցիչները:
Համեմատեք. ինչ էր իրենից ներկայացնում լիբանանահայությունը 1915 թվականին, եւ ինչ էր իրենից ներկայացնում նույն գաղթօջախը ընդամենը կես դար անց` 1965 թվականին: Ես ուզում եմ, որ այս նույն զուգահեռով դուք պատկերացնեք, թե ինչ էր Հայաստանը 1991 թվականին, երբ հռչակեց իր անկախությունը, եւ ինչ է լինելու Հայաստանը կես դար անց` 2041 թվականին: Սրան գումարեք Հայաստանի զարգացման երեք բացառիկ առավելությունները` մեծաքանակ հայություն, հայրենի հող եւ անկախ պետականություն: Իմ խոսքը երազանքների եւ անուրջների մասին չէ, այլ այն իրական ճանապարհի, որ անցել են ձեր հայրերի ու պապերի սերունդները ձեր աչքի առաջ այստեղ` Լիբանանի հյուրընկալ հողի վրա եւ տարածաշրջանի մյուս երկրներում: Նույն այդ ճանապարհը` ոտքի կանգնելու, գործ դնելու, հարմարավետ տուն կառուցելու, բարեկարգ գյուղեր ու քաղաքներ ձեւավորելու, երեխաներին պատշաճ կրթություն տալու ճանապարհն անցնում ու անցնելու է նոր Հայաստանը: Չեմ կասկածում` հաջողելու ենք, եւ ուզում եմ, որ դուք էլ չկասկածեք, որովհետեւ մեր ժողովրդի տարբեր հատվածներ եւ ողջ հայությունը հավաքաբար պատմության ընթացքում դա արել է բազմիցս:
Այսօր Հայաստանի եւ հայության առաջ ծառացել են բազում խնդիրներ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ այլ բնույթի: Բայց երբ դիտում ենք համեմատության մեջ, ակնհայտ է դառնում, որ վերջին հարյուրամյակների ընթացքում մենք զարգացման ավելի բարենպաստ պայմաններ չենք ունեցել:
Երբ մենք անկախություն էինք հռչակում, Հայաստանի մեկ երրորդը, բառի ուղղակի իմաստով, հողին էր հավասարված երկրաշարժի արդյունքում: Մենք ընդունել էինք հարյուր հազարավոր փախստականներ Ադրբեջանից: Մենք գիտակցում էինք, որ կանգնած ենք դաժան եւ հյուծիչ պատերազմի շեմին, բայց մենք հավատացինք մեզ, հավատացինք ձեզ, հավատացինք «հայկական ֆենոմենին»: Անցած տարիները ցույց տվեցին, որ այդ փորձությունները մենք կարողացանք հաղթահարել. անշուշտ` համատեղ ուժերով:
Ես այստեղ եմ, որովհետեւ ձեր մտահոգություններին իրազեկ լինելու, ձեզ լսելու կարիքն ունեմ: Դա իսկապես ինձ օգնելու է իմ աշխատանքում: Բայց ես այստեղ եմ նաեւ հորդորելու ձեզ հավատալ ու վստահել Հայաստանին: «Հավատալ ու վստահել» չի նշանակում ձեռքերը ծալած նստել կամ սպասել հրահանգների: Մեր պարագայում դա բացառված է: «Հավատալ ու վստահել Հայաստանին» նշանակում է ակտիվորեն արձագանքել Երեւանի նախաձեռնություններին եւ միաժամանակ նրանից պահանջել այն, ինչ պարտավոր է անել համայն հայության հայրենիքը իր հայրենազուրկ զավակների համար:
Մենք աշխարհում ունենք բազմաթիվ բարեկամներ, բայց կան նաեւ թշնամաբար տրամադրված ուժեր, որոնք երազում են անվստահության եւ անհասկացողության պատեր ստեղծել հայության տարբեր հատվածների միջեւ, պառակտել ոչ միայն առանձին գաղութներ, այլեւ պառակտել Հայաստանն ու Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: Այդ ուժերը պարզապես երազելով չեն զբաղված, նրանք ակտիվորեն գործում են: Նրանք գիտեն, թե որն է մեր ամենահզոր զենքը: Դա միասնության ուժն է, որ կարող է սարեր շարժել: Մնում է, որ մե՛նք դա գիտակցենք եւ պարբերաբար նորոգենք մեր ուխտը` ընդհանուր արմատների, ընդհանուր նպատակների, ընդհանուր ապագայի մեր ուխտը:
Հայաստանն առաջ է ընթանում: Այսօր բոլորիս պարտքն է անել առավելագույնը այդ ընթացքն արագացնելու համար, այդ առաջընթացին նոր խթաններ հաղորդելու համար, որովհետեւ, ինչպես Պարույր Սեւակն էր ասում. «Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից կամ օդանավից»:
Մեզ անհրաժեշտ են արդիական, ժամանակակից աշխարհին հասկանալի, բայց նաեւ հայ իրականության համար ընդունելի լուծումներ: Համոզված եմ, որ մեր հավաքական միտքը գտնելու է այդ լուծումները, ինչպես եղել է նախկինում, երբ մենք շատ ավելի բարդ իրավիճակներում գտել ենք ճիշտ ու դիպուկ ելքեր: Մենք այսօր ունենք պայքարի բազում ճակատներ, բայց մենք` Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, կազմում ենք կուռ եւ միասնական ճակատ: Այսպիսի ճակատ ունենալով մենք անհաղթ ենք եւ անմահ:
Ուրեմն կեցցե՛ Հայաստանը եւ փա՛ռք հայ ժողովրդին»:












