Գլխավոր » Լրահոս

Արմեն Այվազյան. «Ինչո՞ւ Շվեյցարիան ընտրվեց որպես միջնորդ երկիր»

Հոկտեմբեր 7, 2009թ. 16:49

Armen AivazyanՀայաստանի ամերիկյան համալսարանի «Հայրենասերի անկյունում» երեկ կազմակերպվել էր հանդիպում պատմական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ հանգամանալից խոսեց հայ-թուրքական արձանագրություններից և այսօր պետական քարոզչամեքենայի միջոցով  առավել շրջանառվող ադրբեջանական և թուրքական թեզերից, համաձայն որոնց, Հայաստանի և Սփյուռքի շահերը միմյանց հակասում են: Ա. Այվազյանն ասաց, որ եթե չենք կարող հարաբերվել, ապա Սփյուռքի նախարարությունը ձևական բնույթ է կրում. «Սփյուռքահայերի մեծամասնությունը Արևմտյան Հայաստանից է: Եթե այսօրվա ղեկավարությունը չի ընդունում, որ  Արևմտյան Հայաստանը բռնազավթված վիճակում գտնվող մեր հայրենիքն է, ապա ակնհայտորեն սեպ է խրում Հայաստանի և Սփյուռքի միջև: Վերջերս նախագահը հայտարարել էր, թե հայրենիքն ու պետությունը նույնն են: Եթե այդպես է` ինչո՞ւ ազատագրվեց Արցախը: Պատասխանը պարզ է. քանի որ ոչ միայն արցախցու ինքնորշման խնդիրն էր, այլև Հայաստանի անվտանգության հարցն էր: Եթե պետությունն ու հայրենիքը նույնն են, ապա Բագրատունյաց տոհմի` 1046թ.  անկումից մինչև 1918թ. հայ ժողովուրդը հայրենիք չի ունեցել»:

Արմեն Այվազյանն այսօր նաև վտանգված է համարում հայության արժեքային համակարգը` հայրենիքը, պատմական ժառանգությունը, մշակույթը` միաժամանակ նշելով, որ հայ-թուրքական  արձանագրությունները նշանակում են Հայաստանի կապիտուլացիա  մի դավաճան պետության կողմից, որի նպատակը Հայաստանը   ոչնչացնելն է: Սրանով, փաստորեն,  ժխտվում է ցեղասպանությունը,  մինչդեռ  2010 թվականին Եվրամիության երկրները պետք է ընդունեն օրենք, որը կպատժի ցեղասպանության ժխտումը: «Համաշխարհային միտքը հասել է նրան, որ օրենքով պատժում  է ցեղասպանության ժխտումը, սակայն մեր ղեկավարությունն այսօր ինքնակամ գնում է ժխտման: Մեր կապիտուլյացիան նման չի լինելու Գերմանիայի կամ Ճապոնիայի կապիտուլյացիային: Այն լինելու է մեր պետության գոյության վերջնակետը: Ինչպիսի ընթացք էլ ստանան իրադարձությունները` մենք ձեռքներս ծալած չենք նստելու, և այդ բողոքը նախորդ բողոքների պես չի’ ճնշվելու»:

Արմեն Այվազյանը վստահ է, որ այսօր Թուրքիայի նպատակն է աշխարհին ցույց տալ, թե Հայաստանը քննարկում է ցեղասպանության եղելությունը. «Ամիսներ առաջ «Ուոլ սթրիթ ջոռնալին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ կքննարկվի ցանկացած հարց, որը կառաջարկի Թուրքիան: Եթե անգամ մեկ տարի ցեղասպանության հարցը դառնա քննարկման առարկա, ապա աշխարհը կասի` թող հայերն ու թուրքերը նախ որոշեն, թե ով ում է սպանել: Ինչպես գիտենք, թուրքական մի շարք գերատեսչություններ նկարահանում են ֆիլմեր, որոնց համաձայն հայերը կոտորել են թուրքերին և անգամ տարբեր շրջաններում «կոտորված» թուրքերի հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել»:

Պարոն Այվազյանը վստահ է, որ «հայ-թուրքական հարաբերություններ» ասվածը նոր մտածված երևույթ չէ,  որ այն ծրագրված է եղել վաղուց, պարզապես  իրականացվում է  այսօր, երբ  Հայաստանը հայտնվել է  ծանր փուլում` նախագահական ընտրություններ, մարտի մեկի դեպքեր, տնտեսական ճգնաժամ, և այդ առումով սա ամենահարմար պահն է: Այվազյանն այն կարծիքին է, որ  Հայաստանի ղեկավարությունը դեռ վաղուց էր պատրաստվում այս ամենին: «Սեպտեմբերի 18-ին Էրդողանը հայտարարեց` մենք ուզում ենք Թուրքիային վերադարձնել Օսմանյան կայսրության հզորությունը: Իսկ հայ ժողովուրդն Օսմանյան կայսրություն ասելով հասկանում է Հայոց ցեղասպանություն: Երբևէ ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչու Շվեյցարիան ընտրվեց որպես միջնորդ երկիր: Դա սկսվել է դեռևս Վարդան Օսկանյանի օրոք, ով այսօր դեմ է խոսում այդ արձանագրություններին, սակայն միաժամանակ հայտարարում է, որ եթե սահմանը բացվի, արձանագրությունները կարդարացվեն: Սկսեմ այնտեղից, որ 1923թ. Շվեյցարիայի Լոզան քաղաքում թաղվեց հայկական հարցը, իսկ ցեղասպանության հետևանքներն արդարացվեցին: Չնայած ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայում երկու–երեք թուրք է դատապարտվել, սակայն, դրանով հանդերձ, Թուրքիան այսօր չհրաժարվեց Շվեյցարիայի միջնորդությունից, քանի որ նրան ինչ-որ բաներ են խոստացել: Երբ Շվեյցարիայի նախագահը 2008թ. պաշտոնական այցով մեկնեց Թուրքիա, նվեր տարավ այն սեղանը, որի վրա կնքվել էր Լոզանի պայմանագիրը և հայտարարեց, որ Թուրքիան Շվեյցարիայի ռազմավարական դաշնակիցն է: Մինչդեռ նման հայտարարություն Հայաստանի հասցեին չի հնչել: Եթե երկրի ընտրությունը պատահականություն է, ինչպես փորձում են ներկայացնել, ուրեմն,  թող Շվեյցարիայի փոխարեն ընտրվեր, օրինակ, Պակիստանը, որը ևս համարվում է Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը»:

Ա. Այվազյանը ներկաներին հիշեցրեց նաև Շվեյցարիայի նախագահի հայտարարությունը, թե ինքը երջանիկ է, որ Լոզանի պայմանագրով է գծվել Թուրքիայի սահմանը: Իսկ Գյուլն իր հերթին սեղանի նվիրումը բարոյապես կարևոր հանգամանք է հայտարարել:

Չբացառելով դրսի ճնշումը մեր երկրի վրա` Ա. Այվազյանն ասաց, որ պետք է հակադրվել այդ ճնշմանը, իսկ ներկայիս վիճակը բնութագրելով որպես նախահեղափոխական կամ հեղափոխական` նկատեց, որ այն կտրուկ փոփոխություններ է պահանջում. «Ազգային արժանապատվությունը պետականաստեղծ գործոն է: Եթե իշխանությունը չի պահպանում արժեհամակարգը, ապա ժողովուրդն այն կպահպանի, հակառակ դեպքում կդառնանք հպատակ ժողովուրդ: Պետության քարոզչամեքենան ասում է` կան կետեր, որոնք կարելի է տարբեր ձևով մեկնաբանել: Մի՞թե պարզ չէ, թե ում մեկնաբանություններն են հաղթելու: Իհարկե` Թուրքիայի, քանի որ Թուրքիան հզոր պետություն է: Իսկ եթե կասկածելի կետեր կան, ուրեմն մի’ ստորագրեք նման փաստաթուղթը»:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն