Գլխավոր » Լրահոս

ՀՀ վարչապետն այն կարծիքին է, որ նախապայմաններ առաջադրողը ոչ թե Թուրքիան է, այլ Հայաստանը

Հոկտեմբեր 7, 2009թ. 17:25

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը  փորձեց պարզել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ կառավարությունը պատրաստե՞լ է կոնկրետ վերլուծություն, թե սահմանի բացման դեպքում ինչ վիճակում կհայտնվի մեր երկրի  տնտեսությունը, և այն արդյոք չի՞ լինի ռիսկային քայլ:

Պատգամավորը նաև արտահայտեց իր մտավախությունը, թե այդ արձանագրություններով թուրքական կողմն առաջադրում է հստակ նախապայմաններ, իսկ Հայաստանը, չունենալով տնտեսական դաշտում պայքարելու   լուրջ ռեսուրս, վտանգելու է իր տնտեսությունը:

Ի պատասխան պատգամավորի արտահայտած անհանգստության, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց հետևյալը. «Բոլոր նախարարությունները համապատասխան վերլուծություններ իրականացրել են ու ներկայացրել են իրենց գնահատականները: Այդ նյութերի գերակշիռ մասը գաղտնի է, քանի որ կապված է ազգային անվտանգության հարցերի հետ: ՀՀ նախագահի կողմից տրվել է հստակ հանձնարարական, ու բոլոր նախարարությունները դրանցով զբաղվում են»: Վարչապետի խոսքով` մենք ունենք անհրաժեշտ  տեղեկատվություն: Նա նաև հավելեց, թե կառավարությունն իր հերթին ևս ուսումնասիրություններ է ներկայացրել քաղաքական կուսակցություններին ու կազմակերպություններին, մասնավորապես` ՀՅԴ -ին:

Վարչապետն այն կարծիքին է, որ այս համագործակցության արդյունքում Հայաստանի տնտեսական կարողությունները կուժեղանան, կհաղթահարվեն  առկա ռիսկերը և վերջապես` «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման արդյունքում Հայաստանը կստանա առավելագույնը»:

Անդրադառնալով պատգամավորի հարցադրման երկրորդ հատվածին` վարչապետը հավելեց. «Որևէ նախապայման արձանագրություններով դրված չէ հայկական կողմի առջև»: Ավելին, ըստ նրա, կա տեսակետ, որ հայկական կողմին է հաջողվել նախապայմաններ դնել թուրքերի առջև: «Մենք համոզված ենք, որ սա ճիշտ ռազմավարություն է, Հայաստանի Հանրապետությունը հաղթանակած է դուրս գալու այս գործընթացից: Ոչ մի նախապայման դրված չէ այդ փաստաթղթերում և որևիցե նախապայման մեր կողմից չի ընդունվել», -հավելեց վարչապետը:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն