Գլխավոր » Լրահոս

Էդուարդ Շարմազանով. «Մենք ունենք ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի Հանրապետություն, այլև բազմամիլիոնանոց Սփյուռք»

Հոկտեմբեր 7, 2009թ. 18:35

sharmazanow «Նովոստի» մամուլի կենտրոնն  այսօր հյուրընկալել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին: Լրագրողների հետ հանդիպման առիթը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունն էր և նախաստորագրած արձանագրությունների քննարկման փուլի ավարտը: Բանախոսն արտահայտեց   իր և իր կուսակցության դիրքորոշումը` Ղարաբաղի, Սփյուռքի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ:

Նա նշեց, որ  ՀՀԿ-ի տեսակետները չեն փոխվել այս խնդրի վերաբերյալ, և  որ հայ-թուրքական բնականոն հարաբերությունների համար անհրաժեշտ է հաստատել

առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ:  Պատգամավորը նկատեց, որ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ընտանիքի անդամներ են, ինչն էլ առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրականացնի համահայկական ուղևորություն` ցանկանալով ասել, որ համահայկական խնդիրները Հայաստանի իշխանությունների, ՀՀ քաղաքացիների մենաշնորհը չեն և որ այստեղ խոսք ունեն ասելու նաև Սփյուռքի մեր հայրենակիցները:

«Այսօր նախագահը ցույց տվեց, որ ինքը ոչ միայն ՀՀ առաջնորդն է, այլև համահայկական առաջնորդ է, ով ապրում է համահայկական հոգսերով»,- նշեց բանախոսը և շեշտեց, որ երկխոսության միջոցով մենք պիտի հասնենք միասնության:

Նա նշեց, որ այս ուղևորությունն իր մեջ մեծ խորհուրդ ունի, այն է` ներկայացնել աշխարհին, որ մենք ունենք ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի Հանրապետություն, այլև բազմամիլիոնանոց Սփյուռք, որը Հայոց ցեղասպանության հետևանք է, և ցեղասպանության ճանաչման գործընթացում Հայաստանն ու Սփյուռքը պետք է լինեն միասնական:

«Թե սփյուռքում, թե Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում միանշանակ չեն այս նախաստորագրված արձանագրությունների արձագանքները,   մտահոգությունները տարբեր են, որպիսիք առկա են նաև հանրապետության նախագահի մոտ:

«Մենք չենք ասում, թե թուրքը մեր բարեկամն է,- ասաց Շարմազանովը,- մենք ընդամենն ասում ենք, որ 21-րդ դարում, ելնելով տարածաշրջանային անվտանգությունից և կայունությունից, նախագահ Սարգսյանը նախաձեռնել է բնականոն հարաբերությունների հաստատում` առանց որևէ նախապայմանի»:

Նա նշեց, որ իրենց  համար ընդունելի են բոլոր քննադատությունները, անգամ եթե դրանք չեն համընկնում իրենց տեսակետների հետ, սակայն կարևոր է այն, որ դրանք  քաղաքակիրթ ձևով մատուցվեն:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն