Էրդողանը` Վեստալյան կույսերի առաքինությամբ
«The Wall Street Journal» ամերիկյան հայտնի ամսագրին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, միայն թե հայերը դա չեն ցանկանում: Սփյուռքի գործոնը հերթական անգամ մեջբերելով` թուրքը եզրակացնում է, որ հայկական քաղաքականությունը ոչ թե իշխանություններն են որոշում, այլ Սփյուռքը: Ինչ վերաբերում է թուրքական քաղաքական կուրսին, Էրդողանը հպարտությամբ նշում է` մենք խնդիր չունենք, մենք հերթական անգամ ապացուցում ենք, որ հավատարիմ ենք մեր խոստումներին:
Հասկանալի է, իհարկե, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր նպատակը ամերիկյան ամսագրին ոչ թե սովորական հարցազրույց տալն էր, այլ հերթական դիվերսիոն հարձակում գործելը հայկական տեղեկատվական դիրքերի վրա: Եվ պետք է ասեմ, որ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ, եթե մերոնք պաշտոնապես համարժեք պատասխան չտան: Էրդողանը չնայած առաջին անգամ փաստում է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախյան հակամարտությունը իրար հետ կապված չեն, բայց կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկա լինել Շվեյցարիայում ստորագրվելիք արձանագրությունների արարողությանը:
Բնականաբար, դա արդեն իսկ նշանակում է կապակցել երկու խնդիրները և մեկ զարկով երկու նապաստակ խփել: Սակայն գիշանգղերի հետնորդները, թերևս, մոռացել են, որ իրենք ևս աշխարհաքաղաքական խմորումներում գերտերություններին հետաքրքրում են այնքանով, որքանով վերջիններս մեծ պատառներ կկարողանան պոկել: Կկարողանա՞ն համանախագահների ներկայության շնորհիվ ամերիկացիները հայտնվել Կովկասում, ուրեմն կգնան դրան: Կկարողանա՞ն ռուսները Արցախյան հակամարտության շահարկմամբ հաջողությունների հասնել Եվրոպային մատակարարվող գազի առևտրում` չեն խնայի:
Միևնույն ժամանակ խիստ անհանգստանալով արձանագրությունների ներկա տեսքի շուրջ հայկական շրջանակներում ծավալված դժգոհություններից` Էրդողանն արտաքուստ անխռով, վեստալյան կույսերի հնազանդությամբ նշում է, որ իրենք անպայման վառ կպահեն հայ-թուրքական հարաբերությունների վեստայի կրակը, եթե, իհարկե, հայերը չցանկանան հանգցել այն:
Այս առումով հռոմեական դիցաբանության մեջ մի հետաքրքիր հատված կա: Հռոմում գոյություն ուներ կույսերի միաբանություն, որտեղ կարող էին ընդունվել միայն իշխանավոր կանայք, ավելի ճիշտ` աղջիկները: Նրանց պարտականությունն էր վառ պահել առաքինության աստվածուհու` Վեստայի կրակը և դա անել ամեն գնով: Թուրքերը հավանաբար զգացմունքային բոլոր նյարդերով վերապրել են կույսերի վարքը և արձանագրությունների փաստը դարձրել իրենց համար պաշտամունքային երևույթ:
Դրան զուգահեռ Էրդողանը վերջնական խոսքում փաստում է, որ ինքը ոչինչ չի խոստանում արձանագրությունների վավերացման հետ կապված: Նշանակում է` հնարավոր է, որ մեկ տարվա հայ-թուրքական այս կատակերգությունը կարող է հօդս ցնդել: Նման երազանք ունեն նաև ադրբեջանցիները:
Սպասենք իրադարձությունների ընթացքին, մանավանդ որ թուրքական դիվանագիտությունը շարունակում է նալին ու մեխին միաժամանակ խփելու քաղաքականությունը: Թերևս մոռանալով, որ մուրճը մեկ-մեկ էլ ձեռքին է հարվածում:
Նաիրի Հոխիկյան












