Գլխավոր » Լրահոս

Էրդողան. ” Թեեւ հայերը երբեմն ասում են, որ արձանագրություններն ադրբեջանցիների հետ կապ չունեն, իրականում առնչություն կա»

Հոկտեմբեր 7, 2009թ. 20:19

«Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր քաղաքականության ուղեգիծը սփյուռքահայության պատանդ դառնա»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «Wall Street Journal»-ի հարցազրույցում: Պատասխանելով խորհրդարաններում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին հարցին, Էրդողանն ասել է, թե ինքը ոչինչ չի կարող երաշխավորել, քանի որ, օրինակ, Անկարայում այդ հարցն անցկացվելու է փակ քվեարկությամբ: Էրդողանը կարծիք է հայտնել, թե արձանագրությունների ստորագրման խոչընդոտ կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը ցանկանա փոփոխություններ մտցնել տեքստում:

Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին, եթե Հայաստանը դրանց տեքստում որեւէ փոփոխություն չկատարի:

«Մեր արտգործնախարարը կստորագրի այս արձանագրությունները Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ հոկտեմբերի 10-ին, եթե մինչ այդ Հայաստանի կողմից որեւէ բացասական զարգացում չլինի: Եթե տեքստում փոփոխություններ չկատարվեն, մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կցանկանայինք նաեւ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը վկա լինի ստորագրմանը: Եթե ֆրանսիացիները չգան, հավանաբար, ռուսները կամ ամերիկացիները ներկա կլինեն»:

Էրդողանը նաեւ կարեւորել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Մոլդովայում կայանալիք հանդիպումը: «Թեեւ հայերը երբեմն ասում են, որ արձանագրություններն ադրբեջանցիների հետ կապ չունեն, իրականում առնչություն կա»,- ասել է Էրդողանը:

Ապա խոսել  է Սփյուռքի մասին. «Վերջերս, կարծեմ, արտասահմանյան այցի ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը բախվել է հայկական Սփյուռքի արձագանքի հետ: Ուստի այն, ինչ նա անում է, չնայած Սփյուռքի արձագանքին, շատ կարևոր է: Եթե նա կարողանա պաշտպանել իր դիրքորոշումը, եթե Հայաստանի քաղաքականությունը որոշում է այդ երկրի կառավարությունը, ոչ թե Սփյուռքը, այդ դեպքում կկարողանանք առաջ շարժվել: Մեր կողմից խնդիր չկա: Ամեն ինչ կախված է Հայաստանի կառավարությունից: Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր քաղաքականությունը պատանդ դառնա Սփյուռքին»:

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն