Թուրքիայի նպատակը Հայաստանին ծուղակի մեջ գցելն է
Չնայած այն պնդումներին, թե Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերություններում չի քննարկվում` գրեթե ամեն օր թուրք ղեկավարության շուրթերից հնչող հայտարարություններից կարելի է եզրահանգել, որ հայ-թուրքական հարաբերություններում Արցախի հարցը սկզբունքային կետերից է: Նաև պարզորոշ է, որ Թուրքիան փորձում է պայմաններ թելադրել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում` բացահայտորեն կանգնելով Ադրբեջանի թիկունքին և գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը: Ձնագունդն այնքան է ի վնաս մեզ գլորվել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իրեն թույլ տվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել Հայաստանին օկուպանտ երկիր հայտարարել. «ՄԱԿ-ը պետք է նման որոշում կայացնի և կոչ անի Հայաստանին զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: Վեճը Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է առաջնահերթ լուծում ստանա, որից հետո կլուծվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները»,— ընդգծել է Էրդողանը: Հայաստանի ու Արցախի հարցում Թուրքիայի նման ցինիկ պահվածքից հետո մենք դեռ շարունակում ենք սպասումներ ունենալ հայ-թուրքական սիրախաղի՞ց: Թուրքիայի ներկայիս վարքագիծը պարզորոշ ցույց է տալիս, որ նրա նպատակը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների` թեկուզև մասնակի կարգավորումն է, այլ Հայաստանին դիվանագիտական ծուղակի մեջ գցելով` օգուտներ քաղելը, որոնք բոլորիս հայտնի թուրքական նախապայմաններն են: Հայաստանը պետք է ի զորու լինի չեզոքացնել հայկական երկու պետությունների գլխին կուտակվող «ամպերը»: Հակառակ դեպքում տեղի տալով թուրքական շանտաժին ու խաբեությանը` կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ մեզ անվերջ կպարտադրվեն միակողմանի զիջումներ, իսկ դրանից հետո դժվար է ասել, թե որպես անկախ երկիր մենք քաղաքական ի՞նչ դեր ու կշիռ կունենանք այս տարածաշրջանում…
armarlur.com












