Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրանի համար նախատեսված թուրքական բլիթը

Հոկտեմբեր 7, 2009թ. 20:45

untitled2002 թվականից հետո, երբ Թուրքիայում իշխանությունն անցավ «Արդարության և զարգացման կուսակցությանը», պաշտոնական Անկարայի հարաբերությունները հարևան Իրանի հետ բավական մտերմացան: Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի ցույց տա Իրանի իշխանություններին իր լոյալությունն իրանական քաղաքականության նկատմամբ: Գործը հասավ նույնիսկ նրան, որ Թուրքիայի առաջնորդներն սկսեցին քննադատել Իսրայելի ղեկավարներին արաբների նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի երևույթ, որն աննախադեպ է արդեն կեսդարյա պատմություն ունեցող թուրք-իսրայելական հարաբերությունների համար:

Թուրքիայի իշխանություններն առաջիններից էին, որ շնորհավորեցին Մահմուդ Ահմադինեժադին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Իսկ բոլորովին վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարեց, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի և   որևէ այլ երկրի համար սպառնալիք չի ներկայացնում:

Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն արդյունավետորեն է անդրադարձել նաև երկու երկրների միջև առևտրային կապերի զարգացման վրա: 2008 թվականին Իրանի և Թուրքիայի միջև տեղի է ունեցել մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք ապրանքաշրջանառություն, այն պարագայում, երբ 2000 թվականին այդ թիվը հավասար էր մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի: Իրանին է բաժին հասնում Թուրքիայի գազամատակարարման գրեթե մեկ երրորդը: Իսկ ներկայումս երկու երկրների միջև բանակցություններ են վարվում տնտեսական համագործակցության էլ ավելի խորացման և զարգացման շուրջ:

Իրանի նկատմամբ Թուրքիայի նման քաղաքականությունն առաջին հայացքից բավական անտրամաբանական է թվում: Պաշտոնական Անկարան, որը ձգտում է լինել Մերձավոր Արևելքի, Կովկասի և հարակից տարածաշրջանների ամենաազդեցիկ ուժը, հիանալիորեն գիտակցում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդիսանում է իր բնական հակառակորդը: Օրեցօր ավելի շոշափելի նվաճումների հասնող Իրանը, ի վերջո, կարող է լուրջ արգելք դառնալ Թուրքիայի համար տարածաշրջանային գերտերություն դառնալու գործում: Եվ այդ մտավախությունները կիսում են Թուրքիայի գրեթե բոլոր առաջատար վերլուծաբաններն ու քաղաքագետները: Օրինակ, Milliyet թերթի քաղաքական մեկնաբան Սամի Քոհենը վստահ է, որ եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում դառնալ ազդեցիկ խաղացող, ապա ռազմական առումով նա չպիտի քարշ գա հարևան երկրների` մի կողմից Իրանի, իսկ մյուս կողմից` Հունաստանի հետևից:

Այն փաստը, որ թուրքական քաղաքական վերնախավում Իրանը շարունակում է ընկալվել որպես մրցակից, կարծում եմ, անվիճարկելի է: Նույնը կարելի է պնդել նաև իրանական քաղաքական, հասարակական և ռազմական վերնախավի պարագայում: Երկու երկրներում, այնուամենայնիվ, գոյություն ունի այն գիտակցությունը, որ խաղաղությունն Իրանի և Թուրքիայի միջև պահպանվում է բացառապես ուժերի հավասարազորության շնորհիվ: Եվ եթե կողմերից մեկը կարողանա ռազմական առումով առավելություն ձեռք բերել մյուսի նկատմամբ, ապա տարածաշրջանում կստեղծվի բավական պայթյունավտանգ իրավիճակ: Թերևս դա է պատճառը, որ թուրքական քաղաքագիտական շրջանակներն անընդհատ ուշադրության կենտրոնում են պահում Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացող իրադարձությունները: «Թուրքիան ոչ մի կերպ չի կարող ընդունել ատոմային Իրանը: Միջուկային զենք ձեռք բերելու ունակ կամ արդեն իսկ ձեռք բերած Իրանը, ընդհանրապես չի համապատասխանում Թուրքիայի շահերին»,- հայտարարում է Անկարայի Բալքենտ Համալսարանի փորձագետ Մուսթաֆա Քիբարօղլուն:

Իրանի միջուկային ծրագրի հետ կապված Թորքիայի քաղաքագիտական շրջանակների և կառավարության տեսակետները մինչև վերջերս բավական զգալիորեն տարբերվում էին: Սակայն վերջերս պաշտոնական Անկարան հայտարարեց, որ պատրաստվում է երկրում տեղադրել հակահրթիռային կայաններ: Այդ նպատակի համար Թուրքիան պատրաստվում է ծախսել մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն, դրա հետ միասին, Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն որոշել, թե հակահրթիռային կոնկրետ ինչ համակարգ կտեղադրեն երկրում` ամերիկյա՞ն, ռուսակա՞ն, թե՞ չինական: Դրանից զատ, պաշտոնական Անկարան չի մեկնաբանում, թե կոնկրետ որ երկրից է պաշտպանվելու կարիք զգում: Սեպտեմբերի 18-ին   մամուլին տված մեկնաբանության մեջ Թուրքիայի արտգործնախարար Մահմուդ Դավուդօղլուն հայտարարել է, որ հակահրթիռային համակարգը, «լինի դա ամերիկյան Patriot, ռուսական, թե չինական, ուղղված չէ Իրանի դեմ: Կապ տեսնել Patriot-ի և Իրանի միջև, սխալ կլիներ: Մենք վտանգ չենք զգում մեր հարևաններից որևէ մեկի կողմից և նրանց դեմ ոչ մի ռազմական պատրաստվածություն չենք անցկացնում», – ասել է CNN Turk-ին Մահմուդ Ահմեդօղլուն:

Սակայն միայն այն փաստը, որ սեփական հակահրթիռային համակարգ ունենալու մասին թուրքական կողմի հայտարարությունը համընկավ ԱՄՆ կողմից Արևելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգ ստեղծելու գաղափարից հրաժարվելուն, խորհելու բավական նյութ է տրամադրել արևմտյան և ռուսական վերլուծաբաններին: Շատերի համար միանգամայն ակնհայտ է այն հանգամանքը, որ Թուրքիայի հակահրթիռային համակարգը կվերածվի պարզապես ԱՄՆ ստրատեգիական հակահրթիռային համակարգի մասնիկներից մեկի միայն: Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարսել դե Հաասը վստահ է, որ այդ պարագայում զգալիորեն կուժեղանան ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքերը: «Դա կարող է ընկալվել նաև որպես հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի մի մաս, ինչը կմտերմացնի Թուրքիա-ԵՄ հարաբերությունները»:

Իսկ ամերիկացի փորձագետ Սոներ Կագապտայի համոզմամբ, այն, ինչ կորուստ դարձավ Լեհաստանի համար, կարող է ձեռքբերում լինել Թուրքիայի և Ամերիկայի համար. «Թուրքիան ՆԱՏՕ-ի այն միակ երկիրն է, որը սահմանակցում է Իրանին, իսկ Իրանի հարցով թուրք-ամերիկյան համագործակցությունն ԱՄՆ-ի համար հանդիսանում է Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման բանալի», – վստահ է վերլուծաբանը:

Սեփական հակահրթիռային համակարգ ունենալու մասին Թուրքիայի ցանկությանը տրված քաղաքագետների գնահատականները, կարծում եմ, բավական օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը: Այս պարագայում մնում է միայն հասկանալ, թե որտե՞ղ մնաց Իրանի հանդեպ պաշտոնական Անկարայի բարիդրացիական քաղաքականությունը: Թե՞ այս անգամ ևս մենք դարձանք հրաշալիորեն բեմադրված ներկայացման ականատես, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կրքերը զարգանում էին Արևելյան Եվրոպայում, իսկ հակահրթիռային համակարգը տեղադրվում է անմիջապես Իրանի քթի տակ` Թուրքիայում: Այս պարագայում մենք կդառնանք նաև մեր տարածաշրջանում նոր լարվածության ականատեսը: Փաստորեն, Թուրքիայի նոր կառավարությունը խաղում էր միայն Արևմուտքի փքաբլիթի դերը: Այն փքաբլիթի, որը հրամցվում էր պաշտոնական Թեհրանին մտրակի բազում հարվածներից հետո: Մնում է հուսալ միայն, որ հազարամյակների իմաստնությամբ ներծծված Իրանի պետականությունը կարողացել է ժամանակին բացահայտել թուրքական «բարիդրացիության» էությունը, ինչը հնարավորություն կտա պաշտոնական Թեհրանին արժանի հակահարված հասցնել Թուրքիայի նենգ քաղաքականությանը:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Թեգեր` , , , ,

Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն