Րաֆֆի Հովհանիսյան. «Իսկ ո՞ր գծով է անցնում Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը»
«Առկա դե ֆակտո սահմանների ճանաչում որպես դե յուրե, Ցեղասպանության հարցի դուրս հանում օրակարգից և որպես եզր դուրս մղում երկկողմ հարաբերություններից, ահաբեկչության դատապարտում… Այս երեքը տեղ են գտել այս արձանագրություններում»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասելով, որ իրեն հայտնի է, որ այս գործընթացում կան ճնշումներ Հայաստանի վրա, բայց ինքն ուզում է, որ բոլորի համար պարզ լինի, թե ի՞նչ է դրված սեղանի վրա:
Նա վարչապետին երկու հարց ուղղեց, ո՞ր գծով է անցնում Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը, ո՞րն է դրա իրավական հիմքը: Հովհաննիսյանը մտահոգված էր նաև Թուրքիայի նախագահի ու վարչապետի հայտարարություններից, թե Հայաստանը կմնա շրջափակման մեջ, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը:
Վարչապետ Սարգսյանի պատասխանն այսպիսին էր. «Ես կուզենայի արձանագրել, որ հանրապետության նախագահի այս համարձակ նախաձեռնությունից հետո մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, քաղաքական միտքը մուտք են գործել որակապես նոր փուլ, որակապես նոր իրավիճակ է ստեղծվել: Այն է` մենք ձեզ հետ միասին մտածում ենք ապագայի մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները վերացական գաղափար չեն և լավ է, որ առարկայական քննարկումներ են ընթանում»: Վարչապետը դա կարևորեց այն առումով, որ պետությունը գնում է դեպի ապագա և ոչ թե դեպի անցյալ:
Սահմանների առնչությամբ ասաց. «Ակնհայտ է, որ գործ ենք ունենք փաստացի ձևավորված սահմանի հետ և մեր սահմանապահները պաշտպանում են կոնկրետ առարկայական սահմաններ և այդ սահմաններն են, որ պետք է բացվեն»:
ԼՂՀ խնդրի առնչությամբ էլ կառավարության ղեկավարն ասաց.«Մենք գործ ունենք ադրբեջանական ագրեսիայի հետ և մեր պարտականությունն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ամենայն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:
Armar.am












