Գլխավոր » Լրահոս

Գևորգ Յազճյան. «Ես չեմ ուզում մաս կազմել` Ցեղասպանությունից ճառող տիտղոսավոր պատմաբանների»

Հոկտեմբեր 8, 2009թ. 10:35

Երեւանի Պետական Համալսսարանի Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտի Ցեղասպանագիտության բաժնի վարիչ,  պատմական գիտությունների  թեկնածու Գևորգ Յազճյանը, մերժելով հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները և այդ հարցում  հակադրվելով իր գործընկերների դիրքորոշումներին,  հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին, հետևյալ մեկնաբանությամբ.

«Ինձ համար աներևակայելի խայտառակություն է լինել աշխատակիցը,  այն էլ` Ցեղասպանագիտության Բաժնի վարիչի պաշտոնում, մի կառույցի, որի ղեկավարությունը լուռ ականատեսն է հայոց ազգային արժանապատվությունը հիմնահատակ քանդող   գործընթացի`  փոխանակ լինելու առաջամարտիկը` այն տապալող համահայկական շարժման:

Անչափ վրդոված եմ, որ օրնիբուն հայոց պատմությունից բարբառող և Հայոց Ցեղասպանությունից ճառող տիտղոսավորներ այսօր  լռում են: «Մեր ժամանակներում պատմաբանը պետք է զինվոր լինի»,- ասում էր պատմաբան-հրամանատար, լուսահոգի Բագրատ Ուլուբաբյանը: Նման տիտղոսակիրներին կարելի՞ է «զինվոր պատվանունը շնորհել: Եթե այո, ապա այդպիսիք այսօր դասալիքներ են` պարզապես (այս նամակում չեմ ուզում ավելի ծանր որակումներ տալ)…

«Չկա ավելի մեծ պղծություն, քան սեփական ժողովրդի պատմության չարամիտ աղավաղումը»,- գրել է Գարեգին Նժդեհը, իսկ որ այս գործընթացը տանելու է նման պղծության` դրանում որևէ կասկած չունեմ (բաւարար է միայն պատմական հարցեր քննելու կոչուած յանձնաժողովի մասին կէտը):

Հարգարժան պր. Սիմոնյան

Սույնով իմ հրաժարականն եմ ներկայացնում Երևանի Պետական Համալսարանի Հայագիտական Հետազոտությունների Ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչի պաշտոնից:

Հարգանքներով Գևորգ Յազճյանը


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն