Մշակույթի նախարարության անգործությունը հավասարազոր է դավաճանության
Օրերս Նախիջևանում տեղի ունեցած թյուրքալեզու պետությունների 9-րդ համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ «թուրքական հողերում» պատմական հուշարձանների վերականգնման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ` հերթական անգրագետ հայտարարությունը հնչեցնելով, թե ժամանակին «Նախիջևանը աշխարհագրական առումով անջատվել է Ադրբեջանի պատմական հող հանդիսացող Զանգեզուրից»:
Այսօր արդեն իսկ կարող ենք վստահաբար ասել, որ «թուրքական հողերում» պատմական հուշարձանների վերականգնման հիմնադրամ ստեղծելուն պես ադրբեջանցիները կհայտարարեն, թե զբաղվելու են նաև Զանգեզուրի «թուրքական» հուշարձանների ուսումնասիրությամբ:
Ոմանք թերևս մեզ կհակադարձեն` անտարբեր մնալ ադրբեջանական այս սին քարոզչության նկատմամբ, քանզի վաղուց է հայտնի նրանց ձեռագիրը: Սակայն խնդիրն այն է, որ որքան սրանք պնդաճակատորեն առաջ են տանում իրենց կեղծիքն ու սուտը, ու նպատակասլացորեն զբաղված են հայոց պատմության ու մշակույթի յուրացմամբ, նույնքան ապշեցնող է Հայաստանի համապատասխան գերատեսչությունների դրսևորած սառն անտարբերությունը հարևան գողերի նկատմամբ:
Զանգահարելով ՀՀ մշակույթի նախարարություն` հերթական անգամ բախվեցինք այդ գերատեսչության աշխատակիցների անիրազեկությանը: Մինչ Ադրբեջանում հատուկ հանձնաժողով են ստեղծում հայոց պատմությունն ու մշակույթը յուրացնելու համար, ՀՀ մշակույթի նախարարությունում սառը սուրճ են վայելում…
Նախարարության աշխատակիցները ոչ միայն անտեղյակ են հարևան երկրի կողմից հայկական մշակույթը յուրացնելու հերթական քայլերից, այլև, որ շատ ավելի վտանգավոր է, բոլորովին ցանկություն չունեն տեղեկացված լինելու: Այսքանից հետո էլ ինչպե՞ս կարող ենք այս գերատեսչությունից պատասխան հակահարված ակնկալել:
Մեր հարցին, թե ինչ հակահարված են պատրաստվում տալ ադրբեջանցիների նոր նախաձեռնությանը, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը նախ զարմացավ, թե որտեղից մեզ նման տեղեկատվություն, հետո էլ , որպես նախարարության հակաքայլ, ասաց, թե իրենք երբեմն-երբեմն, եթե, իհարկե, ֆինանսները ներում են, գրքեր են տպագրում, թարգմանում են օտար լեզուներով ու տարածում: Մեզ հետաքրքրեց տպագրվող գրքերի բովանդակությունը: Գայանե Դուրգարյանը, սակայն, դրանից էլ էր անտեղյակ: Ահա այսպիսի անհեթեթ իրավիճակ:
Եվ ուրեմն, հարց է առաջանում, իսկ իրականում ինչո՞վ են զբաղված Մշակույթի նախարարությունում` սկսած տիկին նախարարից մինչև ներքին օղակները: Նախընտրում ենք հարցին պատասխանել օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի` ԱԺ ամբիոնից արած հայտարարությամբ. «Գրպանվում են նույնիսկ մեր հուշարձանների վերականգնման համար բյուջեով նախատեսված գումարները, կամ էլ այնպես են դրանք վերականգնվում, որ համարժեք են պղծելուն»: Ի վերջո, նույն հարցի պատասխանը վերջերս տվեց նաև Վերահսկիչ պալատը` հրապարակելով Մշակույթի նախարարի կողմից իրականացված աննախադեպ թալանի կոնկրետ փաստեր…
Armar.am












