Ադրբեջանի հակերներին միացել են իրաքցիները
Այսօր հերթական հակերական հարձակման են ենթարկվել մի շարք հայկական կայքեր: Այս անգամ ադրբեջանցի ծրագրավորողների ապօրինի գործունեության զոհ են դարձել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և ԲՏԱ բանկի պաշտոնական կայքէջերը: Ինչպես հաղորդում է armarlur.com կայքի թղթակիցը, հայկական կայքերի դեմ հարձակումներին միացել են նաև իրենց «լավագույնը աշխարհում» համարող իրաքցի հակերները: Ներկայումս Ֆուտբոլի ֆեդերացիայի և ԲՏԱ բանկի կայքէջերի նորմալ գործունեությունը վերականգնված է: Նշենք, որ բացի վերոնշյալ կայքերից, ադրբեջանցիների հարձակումներին ենթարկվել է նաև «Իրանահայեր» լրատու ցանցը, այս առիթով գործակալության խմբագրությունը հանդես է եկել հայտարարությամբ: «Սիրելի այցելուներ՝ մեր կայքէջը կրկին հայտնվել է ադրբեջանական հակերների հարձակման կիզակետում։ Վերջին տեխնիկական փոփոխությունների արդյունքում նրանք չեն կարողացել ամբողջությամբ վնասել կայքէջը, սակայն կարողացել են Կայքից հեռացնել վերջին օրվա նորություններն ու տեսակետները։ Մենք դարձյալ կտեղադրենք լուրերը, սակայն տեսակետները վերականգնելու հնարավորություն չունենք, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը», – նշված է «Իրանահայեր» լրատու ցանցի խմբագրության տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ այս պահին ադրբեջանցի հակերների հարձակումները հայկական կայքէջերի վրա շարունակվում է: Մասնավորապես, առկա տեղեկատվության համաձայն` վտանգի տակ է ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջը:
armarlur.com












